Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցում Է Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումներին
4 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահրամ Պողոսյան): Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանյաց Առաքելական Ս. եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 26-ին եռօրյա այցով գտնվել է Ղարաբաղում: Հինգ եպիսկոպոսների եւ մեկ տասնյակից ավելի հոգեւորականների ուղեկցությամբ կաթողիկոսի ուղաթիռը վայրէջք է կատարել Գանձասարի Սրբ Հովհանես Մկրտիչ եկեղեցու բակում, որտեղ նրան դիմավորել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, Արցախի հոգեւոր դասը` թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ապա Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Սրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սկսվել է հանդիսավոր արարողությունը, կատարվել անդաստանը` օրհնվել են Արցախ աշխարհի չորս կողմերը, որից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից օծվել է Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված խաչքարը: Հանդիսավոր արարողության վերջում դիմելով ներկաներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ասել է. «Գոհունակ եւ ուրախ սրտով եկանք Մայր Աթոռ Սրբ Էջմիածնից` միասին տոնախմբելու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը: Եկանք` օրհնություն բերելու Մայր Աթոռ Սրբ Էջմիածնից եւ գնահատանքը, որ անցած քսան տարիների ընթացքում պայծառացրել եք Արցախ աշխարհը հավատի օջախներով եւ նվիրական սրբություններով: Փառք Աստծո, հայոց ազգի համատեղ ջանքերով Արցախ աշխարհը ազատագրվեց մեր քաջարի մարտիկների մեծ զոհողությամբ, հաճախ նաեւ հոգեւորականները, խաչի հետ զենք վերցնելով, հավասարապես նրանց հետ մարտնչել են` ի սեր Արցախ աշխարհի ազատության: Այդպես են պատգամել մեր սրբազան հայրերը, որ հանուն հայրենյաց հարկ եղած դեպքում խաչը պետք է սուր դարձնելե: Իր հերթին Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշել է, որ Գարեգին Բ-ի այցը պատմական է, քանի որ հարյուր տարուց ավելի է` Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Ղարաբաղում պատարագ չի կատարվել: Խոսելով Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի հանդիսավոր արարողությունները Գանձասարի Սրբ Հովհանես Մկրտիչ եկեղեցուց սկսելու մասին` Պարգեւ Սրբազանը ասել է, որ ուղիղ քսան տարի առաջ առաջին պատարագը հենց այստեղ է մատուցվել: Սեպտեմբերի 27-ին շարունակվել են տոնական միջոցառումները, եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Շուշիի Սրբ Ղազանչեցոց եկեղեցում մատուցվել է պատարագ, որին ներկա են եղել ԼՂՀ բարձրաստիճան ղեկավարները` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին կընդունի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ամենայն Հայոց կաթողիկոսը կայցելի նաեւ Ստեփանակերտում կառուցվող Սրբ Աստվածածին եկեղեցու շինհրապարակ` աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները կեզրափակվեն երեկոյան Ստեփանակերտի երիտասարդության պալատում, ուր Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ տեղի կունենա հանդիսավոր երեկո, որտեղ կներկայացվեն անցած քսան տարիներին թեմի կատարած աշխատանքները: Վաղը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կվերադառնա Մայր Աթոռ: