Արամ Ա կաթողիկոսը Ասպետի շքանշանով է պարգեւատրել Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանին
2 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր Անթիլիասի մայրավանքում Կիպրոսի խորհրդարանի հայազգի նախագահ Մարիոս Գարոյանին պարգեւատրել է կաթողիկոսության Ասպետի շքանշանով` բարձր գնահատելով Գարոյանի հայանպաստ գործունեությունը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Մ. Գարոյանի աշխատելաոճը, որ միջազգային մակարդակի վրա կիպրական հարցի հետ նաեւ Հայկական հարցն է ներկայացրել: Կաթողիկոսը հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շրջանակներում ընդգծել է ներկա աշխարհի հոգեւոր, քաղաքական ու սոցիալական նոր իրավիճակին համապատասխան քայլեր կատարելու հրամայականը: «Մարդու իրավունքների պաշտպանության համար կարգախոսները արժեք չեն ներկայացնում, երբ արդարությունը մնում է տակավին քողարկված: Սահմաններու վերաբացման ու բարի դրացնության ամեն տեսակ քաղաքական որոշումներն ու համաձայնությունները չեն կարող նսեմացնել Ցեղասպանության փաստը: Ցեղասպանությունը մեր հավաքական պայքարի դրոշն է՝ նահատակների արյունով ներկված, մեր նախնիների կանչն է, մեր ազգի միության ու հզորության խորհրդանիշըե, -ասել է Վեհափառ Հայրապետը: Գարոյանը երախտագիտություն հայտնելով` կարեւոր է համարել կիպրական եւ հայկական ազգային հարցերի համատեղ ներկայացումը եւ նշել, որ իր պարգեւատրումը մեծ պատիվ է նաեւ Կիպրոսի համար: