Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով եւ շնորհավորում կանանց ու մայրերին` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբե,-ասված է ուղերձում: Իր շնորհավորանքի խոսքում Վեհափառը նշել է, որ Փրկչի ծննդյան ավետումը Սուրբ Աստվածածնին` աշխարհի փրկության աստվածային խոստումի բարի լուրն էր, վկայությունը Բարձրյալի անսահման սիրո ու խնամքի մարդկության հանդեպ: Սուրբ Աստվածածինը օրինակ է առաքինության, բարեպաշտության, առ մարդիկ սիրո ու նվիրումի: «Թող Աստվածամոր լուսավոր կերպարը այսօր եւ միշտ ոգեշնչի եւ առաջնորդի կանանց` ապրելու առ Աստված հավատքով, ծառայելու մեր երկրի առաջընթացին, ընտանիքների բարօրությանն ու ամրությանը, մայրական հոգածությամբ դաստիարակելու արժանավոր զավակներ հավատավոր մեր ժողովրդի, Հայրենիքի եւ Սուրբ Եկեղեցու: Աղոթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի տիկնանց եւ օրիորդաց` Ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պարգեւելով երջանկություն եւ բյուր բարիքներ, եւ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Տիրոջ օրհնությունը առատ արգասիքներ բերի մեր կյանքում, համայն աշխարհումե,-նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում