Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոս. «Ադանայի ու Կիլիկիայի հայոց ջարդերի 100-ամյա տարելիցը նշելով` վերստին հնչեցնում ենք Ցեղասպանության ճանաչման կոչըե

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու բոլոր թեմերի եկեղեցիներում, հընթացս սուրբ եւ անմահ պատարագի կհրապարակվի Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ադանայի հայոց կոտորածների 100-ամյա տարելիցի առիթով: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է, որ այս տարի նշում ենք 100-ամյա տարելիցը Ադանայում եւ Կիլիկիայի տարբեր բնակավայրերում իրագործված հայոց կոտորածների` հիշելով բյուրավոր նահատակներին, անցյալ դարասկզբի դժվարին ու ողբերգական ժամանակաշրջանը: «Կիլիկիայի ջարդերը շարունակությունն էին հայերին բնաջնջելու միջոցով Հայկական հարցը վերացնելու Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ծրագրի: 1890-ականներին Օսմանյան Թուրքիայում արյունալի կոտորածներով ոչնչացվել էր շուրջ երեք հարյուր հազար հայություն: Թուրքիայում իշխանության գլուխ անցած երիտթուրքերը, ովքեր երաշխավորել էին ազգերի հավասարություն, մարդկանց իրավունքների պաշտպանություն, անձի եւ գույքի ապահովություն, առավել սաստկացրեցին հալածանքները պատմական իր Հայրենիքում եւ Թուրքիայի այլ հատվածներում ապրող հայ ժողովրդի հանդեպ: 1909 թ. ապրիլին Ադանայում նոր կազմակերպված ջարդեր սկսվեցին: Կոտորածներին զոհ գնացին եւս երեսուն հազար հայորդիներ: Ապրելու իր իրավունքը եւ ազատ կեանքը պաշտպանելու համար հայությունը դիմեց զենքի եւ ինքնապաշտպանության, հոգում` հավատքն ու ապավինությունը առ Աստուած, սրտում` սերը առ Հայրենին եւ Մայր Եկեղեցին: Ադանայի արիասիրտ հայորդիք, խիզախ զեյթունցիները, վանեցիները, մշեցիները, մուսալեռցիները, պատմական Հայաստանի տարբեր վայրերում բնակվող հայերը մաքառեցին կյանքի իրավունքի պաշտպանության, ազատության, արդարության, խաղաղության հաղթանակի հավատով ու քաջարի ոգով: Այս հավատով ու զորեղ կամքով են մարտնչել մեր ժողովրդի արիասիրտ զավակները 1918 թ. մայիսյան ազատամարտերում, երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում, Արցախի ազատագրության հերոսամարտերում: Ավելի քան ինը տասնամյակներ են անցել Հայոց Եղեռնից: Սակայն թուրքական իշխանությունների կողմից ծրագրված Ցեղասպանությամբ մեկ եւ կես միլիոնից ավելի հայորդիներ կորցրած, եղեռնահար մեր ժողովուրդը չդադարեց հուսալ համընդհանուր դատապարտումը մեր նախնյաց դեմ գործված եղեռնագործության` վասն արդարության բողոքի իր ձայնը միշտ հնչեցնելով ի լուր աշխարհի, որպեսզի նման ողբերգութիւններն այլեւս երբէք չմթագնեն մարդկության կյանքը: Հայոց Եղեռնը արյունալի եւ անլուր ողբերգության մռայլ էջ բացեց ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ ազգերի պատմության մէջ: Հայոց Ցեղասպանության դատապարտության հապաղումը խրախույս դարձավ նմանօրինակ ոճրագործությունների, աշխարհը վկա եղավ նոր ցեղասպանությունների: Մարդկային կյանքում ազգայնահալած քաղաքականության եւ նացիզմի դրսեւորումներն այսօր մտահոգության լուրջ խնդիր են եւ պահանջում են միջազգային հանրության միասնական, համընդհանուր եւ անհապաղ դատապարտությունը։ Ազգային խտրականությունը, ազգերի իրավունքների ոտնահարումներն ու բռնությունները, ազգամիջյան անհանդուրժողականությունը, ժողովուրդների դեմ գործվող հանցանքները բացառելու կամքի եւ ձգտումի արտահայտությունը պիտի լինի Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը: Ազգս հայոց այս հույսով ու հավատով, սակայն Եղեռնի չապաքինված ցավը եւ Հայ Դատի արդար պահանջը սրտում` իր նոր կյանքն է կերտում ազատ ու անկախ իր Հայրենիքում եւ ի սփյուռս աշխարհի: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ադանայի ու Կիլիկիայի հայոց ջարդերի 100-ամյա տարելիցը նշելով` վերստին հնչեցնում ենք կոչը Ցեղասպանության ճանաչման` հանուն բռնություններից ազատ, խաղաղ ու բարօր աշխարհի։ Ամենակալ Տիրոջ զօրակցությամբ ու օրհնությամբ եւ մեր ժողովրդի աննվազ ջանքերով արդարության արշալույսը պիտի բացվի մեր կյանքում եւ իրավադատությունը պիտի կատարվի ազգիս հանդեպ: Հաստատուն մնանք հավատի մեջ` աստուածսիրության, մարդասիրության, մեր արդար դատի: Հաստատուն մնանք հայրենի հիշատակները եւ ազգային ավանդներն առավել նախանձախնդրությամբ պահպանելու կամքի ու ձգտումի մեջ եւ միշտ ապրենք սիրով առ Աստուած, առ մեր Սուրբ Եկեղեցին եւ Հայրենիքը: Աղոթենք առ Տերն Ամենակալ, որ ազգային-եկեղեցական մեր անդաստանում արգասավորվեն եւ առատ պտուղներ բերեն մեր ժողովրդի համատեղված ջանքերը` ի սեր մեր հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայ կյանքի, մեր լուսավառ գալիքի եւ ազգային մեր բոլոր իղձերի մարմնավորմանե,-ասված է հայրապետական կոնդակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում