Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հայրապետական շնորհավորական խոսքում ասված է. «Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերկրառատ հոգով հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հայոց բանակի քաջարի զորավարներին եւ զինվորներին, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներին եւ համայն մեր ժողովրդին: Գոհություն ենք մատուցում Աստծուն, որ մեր պետականության վերականգնման պայքարում ծնունդ առած հայոց բանակը հասակ է առել, կազմավորվել ու զորացել եւ այսօր արի ոգով ու առ հայրենին սիրով, մարտունակ ու պատրաստված` խաղաղության մեջ պաhպանում է մեր հայրենիքի սահմանները: Այսօր ի սփյուռս աշխարհի մեր ժողովուրդը, որ իր ջանքերն ու նվիրումն է բերում մեր հայրենիքի առաջընթացի ու հզորության համար, հպարտ է նաեւ, որ հայոց բանակը իր արժանի մասնակցությունն ունի աշխարհում խաղաղության պահպանման առաքելության մեջ: Աղոթում ենք առ Աստված, որ իր երկնառաք խաղաղությունը հաստատվի համայն աշխարհում եւ մարդկանց հոգիներում: Հայցում ենք, որ Տերը խաղաղ պահի մեր հայրենիքը, իր օրհնության ու շնորհի ներքո պահպանի զորաց եւ զորականաց մեր բանակի` քրիստոսասեր հոգով եւ նվիրյալ ծառայությամբ շարունակելու հայ զինվորության ազնիվ ու պանծալի ավանդները` ի փառս մեր հայրենիքի եւ Սուրբ եկեղեցուե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում