Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր տաճարում կատարել է Ոտնլվայի արարողություն
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 21ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի Մայր տաճարում ավագ հինգշաբթի օրը` մարտի 20-ին, կատարվել է ապաշխարության կարգ, ապա սկսվել է Սբ պատարագ` ի հիշատակ Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի եւ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Դանիել վարդապետ Թումանյանը։ Հետմիջօրեին Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կատարվել է Ոտնլվայի արարողություն։ Սուրբգրային ընթերցումներից եւ օրվա խորհրդին նվիրված շարականների երգեցողությունից հետո Վեհափառ Հայրապետն օրհնել է յուղը, որն արարողությունից հետո բաշխվել է հավատացյալներին: Այնուհետեւ, Հիսուս Քրիստոսի օրինակով, Ամենայն Հայոց կաթողիկոսը լվացել եւ յուղով է օծել հոգեւորականների ու զինվորների ոտքերը։ Հայաստանի այլ եկեղեցիներում եւս բազմաթիվ զինվորականներ են մասնակցել Ոտնլվայի արարողությանը: Երեկոյան մինչեւ ուշ գիշեր կատարվել է Խավարման կարգը, որը հիշատակն է Փրկչի չարչարանքների եւ խաչելության: