Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծել է Բառնաուլի նորակառույց Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 19-ին ՌԴ Բառնաուլ քաղաքում օծել է նորակառույց Ս. Հռիփսիմե եկեղեցին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հայկական եկեղեցին կառուցվել է Մխիթար եւ Յուրա Արոյան եղբայրների հովանավորությամբ, որի ճարտարապետն է Հակոբ Բաբախանյանը: Դեռեւս 2001 թ. Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի կողմից կատարվել էր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, իսկ 2006 թ. նոյեմբերին` խաչերի օծումը: Եկեղեցու առջեւ Նորին սրբությանը մեծ խանդավառությամբ են դիմավորել հայ համայնքի ներկայացուցիչները` Նոր Նախիջեւանի եւ Ռուաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Արթուր Չիլինգարովի գլխավորությամբ, ինչպես նաեւ Բառնաուլի քաղաքապետը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Ռուս ուղղափառ եկեղեցու Բառնաուլի եւ Ալթայի եպիսկոպոս Մաքսիմը, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ: Սրբազան արարողության ժամանակ ջրով եւ գինով լվացվել են Սուրբ սեղանը, օծվելիք սյուները եւ մկրտության ավազանը: Այնուհետեւ սարկավագների երգեցողության ներքո Հայոց Հայրապետը Սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու Սուրբ Սեղանը եւ չորս ավետարանիչների անունով խորանի սյուները: Եզրաս եպիսկոպոսի կողմից օծվել է մկրտության սուրբ ավազանը, Առաքել, Անուշավան եւ Մարկոս եպիսկոպոսներն օծել են եկեղեցու մնացյալ տասը սյուները: Օծման արարողության ավարտին Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն ընթերցել է Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակները, որով Ս. Հռիփսիմե եկեղեցու բարերարներին շնորհվել են Հայ եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչե շքանշաններ: Ապա Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցուն է նվիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ սկիհ, որից պիտի այսուհետ հայ հավատացյալներին «բաշխվի Տիրոջ կենդանարար մարմինն ու արյունըե: Հայոց Հայրապետը եկեղեցու բակում նաեւ մշտադալար եղեւնի է տնկել, հավաքված ժողովրդին բաշխել իր օրհնությունը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված խաչիկներ: Երեկոյան Բառնաուլի կյանքում տեղի ունեցած այս կարեւոր իրադարձության առթիվ կազմակերպվել է համերգ` տեղի եւ հայաստանյան խմբերի մասնակցությամբ: Ավելացնենք, որ նույն օրը` առավոտյան, Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպել է Ալթայի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Կարլինի, Բառնաուլի քաղաքապետ Վլադիմիր Կուլգանովի հետ, ի դեմս որոնց Նորին սրբությունը շնորհակալություն եւ իր գնահատանքն է հայտնել ՌԴ իշխանություններին` Հայ Առաքելական եկեղեցու եւ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հարգանքի ու հոգատար վերաբերմունքի համար: Անդրադարձ է կատարվել նաեւ երկրամասի ու քաղաքի խնդիրներին, հասարակական, կրթա- գիտական, մշակութային կյանքին: Ի դեպ, Բառնաուլում եւ մերձակա շրջաններում այսօր բնակվում է շուրջ 30 հազ. հայ: Հոկտեմբերի 20-ին Ամենայն Հայոց կաթողիկոսն իր շքախմբով վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում