Հասարակական

Լիբանանի նախկին նախագահ Է. Ժմայելն Արամ Ա կաթողիկոսին վստահեցրել է, որ իր հայտարարությունները վերաբերել են ոչ թե հայ համայնքին, այլ ընտրական գործընթացին

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր ընդունել է Լիբանանի նախկին նախագահ Էմին Ժմայելին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Անթիլիասից, Վեհափառ Հայրապետը Է. Ժմայելին է փոխանցել իր եւ հայ համայնքի ընդվզումը` նախորդ կիրակի կայացած պատգամավորական լրացուցիչ ընտրությունների առիթով վերջինիս կողմից հայ համայնքի հասցեին արված ոչ ճիշտ եւ անպատասխանատու արտահայտությունների առնչությամբ: Վեհափառը նշել է, որ իրենց դժգոհությունն են հայտնել նաեւ պետական ու համայնքային պատասխանատուները: Կաթողիկոսը հիշեցրել է, որ հայ համայնքը մեկ ամբողջություն է, լիբանանյան ընտանիքի անբաժան մասը, եւ անընդունելի է համարել հայ համայնքին նկատմամբ ոչ ճիշտ արտայայտությունները: Էմին Ժմայելն իր հերթին անհրաժեշտ բացատրություններ է տվել Վեհափառին եւ վստահեցրել, որ հայ համայնքի հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն թույլ չի տվել: «Իմ արտահայտությունը վերաբերել է միայն ընտրական գործընթացինե,-ասել է նա: Վերահաստատելով հայ համայնքին նկատմամբ ունեցած մեծ հարգանքը` նա փոխհարաբերությունների նոր էջ բացելու պատրաստակամություն է հայտնել: Հիշեցնենք, որ Է.Ժմայելը, որը ձայների չնչին տարբերությամբ պարտություն էր կրել կիրակի օրը տեղի ունեցած լրացուցիչ պատգամավորական ընտրություններում, պահանջել էր կրկնական ընտրություններ անցկացնել Բեյրութի Բուրջ-Համուդ հայկական թաղամասում` պնդելով, թե հայկական համայնքում քվեարկությունը կեղծվել է: Նա նաեւ ասել էր, թե իր մրցակից կուսակցության հետ համագործակցող ՀՅԴ-ն ճնշում է գործադրել ընտրողների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում