ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծանոթացավ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում նոր այգիների հիմնման աշխատանքներին
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի ներդրումներով ավելի քան 2 հազար հեկտար տարածքի վրա խաղողի եւ պտղատու նոր այգիներ են հիմնվում: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի եւ Է.Էռնեկյանի ուղեկցությամբ ծանոթացավ կատարվող աշխատանքներին: Շրջայցից հետո Ռ.Քոչարյանը նշեց, որ երկու տարի առաջ հղացած ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին այսօր արդեն ժամանակակից տնտեսություններ են հիմնվում, որն արվում է նորագույն տեխնոլոգիաներով: ՀՀ նախագահի համոզմամբ` այդ տեխնոլոգիաները, որոնք մեծ պատրաստակամությամբ փոխանցվում են մեր տնտեսություններին, կարող են օգտակար լինել նաեւ ՀՀ գյուղատնտեսական ակադեմիային` ուսանողների պրակտիկան այդտեղ կազմակերպելու համար: Ռ.Քոչարյանը ծրագիրը հեռանկարային համարեց: Լավագույն մասնագետները գնահատում են հողերը, ճշտորեն կատարում մշակաբույսերի ընտրությունը, փոխանցում ջրային նոր համակարգի օգտագործման փորձը, որը սակավաջուր Հայաստանում կարող է կիրառվել ողջ երկրում: ՀՀ նախագահը նշեց, որ այդ համակարգերի ձեւքբերման գործում փոքր տնտեսություններին պետական ծրագրերով աջակցություն կհատկացվի: Տասը-տասնհինգ տարի առաջ, ըստ Ռ.Քոչարյանի, այգիները քանդում էին եւ տնտեսությունը խաղաղագործությունը կորցնելու եզրին էր կանգնած, հիմա շատ նոր այգիներ կան, հեռանկարները լուրջ են, բնակլիմայական պայմանները խաղողագործության համար նպաստավոր են, պետք է նաեւ վերամշակումը համաչափ զարգանա: Նա հույս հայտնեց, որ բերված նոր սորտերը չոր գինիների արտադրության ոլորտում, որն ամենաթույլ զարգացածն է, էական տեղաշարժ կարձանագրեն: «Մասնագետներն ասում են, որ ում վերցնում են աշխատանքի, շատ արագ են տիրապետում նոր տեխնոլոգիաներին, սարքավորումներին, շնորհքով ժողովուրդ ունենք, պետք է ընկալունակ լինենք նորություններին եւ լավատես` ապագայի նկատմամբե,-ասաց ՀՀ նախագահը: Է. Էռնեկյանը տեղեկացրեց, որ ծրագրի արժողությունը 32 միլիոն դոլար է: Ըստ նրա` մոտ 3-5 տարի պահանջող աշխատանքի ավարտից հետո միայն կարելի է մտածել հաջորդ ծրագրերի մասին: Գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի խոսքերով` տնտեսության մեջ նմանատիպ ներդրումներ ներգրավելու համար պետությունը պետք է ապահովի ենթակառուցվածքների առկայությունը: Ըստ նրա` կատարվել է հսկայածավալ աշխատանք` խորքային հորերի, ջրամբարի կառուցում, տեխնիկայի, նոր սորտերի, թունաքիմիկատների ապահովում, փաստաթղթային գրանցում, որը պետության կողմից արագությամբ է իրականացվել, որպեսզի ներդրողները հասկանան, որ Հայաստանում կարելի է առանց խոչընդոտների կատարել այդ աշխատանքը: Նախարարը տեղեկացրեց, որ Բաղրամյանի տարածաշրջանում նմանատիպ ավելի փոքր տարածքներում արդեն 15-18 մասնավոր սեփականատերեր գյուղատնտեսական աշխատանքներ են սկսել: Գյուղատնտեսական խոշոր ծրագրեր են սկսվել նաեւ Գեղարքունիքի (Վարդենիս, Մարտունի), Շիրակի մարզերում: «Գյուղատնտեսությունը դառնում է գրավիչ ýինանսական հոսքերի, ներդրումների համար, դա մեր երկրի համար ապագա է եւ ժողովրդին աշխատատեղ է ապահովումե,-համոզմունք հայտնեց Դ.Լոքյանը: Նշենք, որ այգիների ոռոգումը կատարվելու է կաթիլային եղանակով, յուրաքանչյուր բույս ստանում է իրեն անհրաժեշտ ջրի եւ պարարտանյութի քանակությունը (1 հեկտար հողատարածքում այդպիսի համակարգի տեղադրման համար 2 500 դոլար է պահանջվում), կառուցվել է 90 հազար խմ տարողությամբ ջրամբար իր պոմպակայանով: Հողագործներ ներգրավվում են հարակից բնակավայրերից. 600-620 մարդ ամսվա մեջ աշխատում է 26 օր` 3 հազար դրամ օրավարձով: Այգիներն արդեն տնկվում են: Խաղողի, ծիրանի, բալի, սալորի, խնձորի, տանձի այգիներն առաջին բերքը կտան 3-4 տարի անց: Հողի առաջնային մշակման ողջ տեխնիկան ներկրվել է, բերվել են խաղողի ýրանսիական տեսակներ, որոնք գինենյութի ստացման եւ կոնյակի համար լավագույնն են համարվում: Ներդրողներին կօգնեն Հայաստանի խաղողագործության, գինեգործության եւ պտղաբուծության գիտական կենտրոնի գիտնականները, ովքեր 15 օրը մեկ կլինեն տեղում եւ խորհուրդներ կտան տեղանքին անծանոթ ներդրողներին: