ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ողջունել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Բրյուսելում վերահաստատել է Հայոց ցեղասպանության հարցում միջազգային ճանաչման հասնելու պաշտոնական Երեւանի դիրքորոշումը եւ ողջունել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երեկվա որոշումը: «Կարծում ենք, որ ցեղասպանության ճանաչումն իր լիարժեք ձեւակերպումը կստանա Միացյալ Նահանգներում: Տարբեր երկրների պաշտոնյաների հետ մեր բազմաթիվ շփումները ցույց են տալիս մեկ բան, որ որեւէ տեղ կասկած չկա, թե ինչ է կատարվել 1915թվականինե,- ասել է Ռ. Քոչարյանը: Այն, որ որոշ երկրներ չեն ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, ՀՀ նախագահը պայմանավորել է նրանց` Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու հանգամանքով: «Թուրքիան մերժողական դիրքորոշում է ընդունել այս հարցում, բայց դա չի նշանակում, որ այդ մերժողականությունը կարող է պարտադրել նաեւ այլ երկրներիե,-ասել է Ռ. Քոչարյանը: Ինչ վերաբերում է թիվ 106 բանաձեւի ընդունմամբ հայ-թուրքական հարաբերությունների վատթարացման վերաբերյալ կանխատեսումներին, ապա Ռ. Քոչարյանը հիշեցրել է, որ չի կարող վատթարանալ այն, ինչը չկա: «Մի բան վատթարանալու համար, գոնե, հարաբերությունների ինչ-որ մակարդակ պետք է լինի. այսօր հայ-թուրքական որեւէ հարաբերություն ուղղակի գոյություն չունիե,-ընդգծել է նա: ՀՀ նախագահը մեկ անգամ եւս բարձրաձայնել է Հայաստանի` Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ- թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ լայն քննարկումներ սկսելու պաշտոնական դիրքորոշումը: Հայոց ցեղասպանության թեման չի շրջանցվել նաեւ երեկ Բրյուսելում Ռոբերտ Քոչարյանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հանդիպման ժամանակ: Եվրահանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ դեպի Եվրամիություն ձգտող երկրները պետք է հաշտ ապրեն: