Հասարակական

Շարունակվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Հնդկաստան

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Հնդկաստան: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, փետրվարի 26-ին Վեհափառը հայրապետական շքախմբի եւ Կալկաթայի եկեղեցական խորհրդի ատենապետ Հայկ Սուքիասի ուղեկցությամբ այցելել է Նոր Դելիում ՀՀ դեսպանատուն: Ներկա են եղել նաեւ Ռուսաստանի Դաշնության, Կիպրոսի ու Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատներում պաշտոնավարող, ինչպես նաեւ Նոր Դելիում բնակվող եւ ուսանող այլ հայորդիներ: Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, ողջունելով Ամենայն Հայոց կաթողիկոսին դեսպանատուն կատարած առաջին այցի կապակցությամբ, նշել է, որ Վեհափառի այս այցը Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի տոնախմբման լավագույն արտահայտություն է (ՀՀ-ն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Հնդկաստանի հետ հաստատել է 1992 թվականին, իսկ ՀՀ դեսպանատունը Դելիում բացվել է 1999 թվականին): Հ. Սուքիասը նշել է, որ վերջին 40 տարիների ընթացքում սա առաջին հայրապետական այցն է Հնդկաստան: Նրա խոսքով` Հնդկաստանում բնակվող հայերը մեծ ուրախությամբ էին սպասում իրենց Հայրապետի այցին: Եկեղեցական խորհրդի ատենապետը Դելիում բնակվող բոլոր հայերին հրավիրել է Կալկաթա` մասնակցելու փետրվարի 28-ին Տանգրայի հայկական եկեղեցու վերաօծման արարողությանը` Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Հայրապետական իր պատգամը ներկաներին ուղղելով` Ամենայն Հայոց կաթողիկոսն ամենքին փոխանցել է իր օրհնությունն ու գնահատանքը, ապա աղոթք բարձրացրել հայ եւ հնդիկ ժողովուրդների եղբայրության ու Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ սերտ համագործակցության համար: Երեկոյան Վեհափառ Հայրապետի շքախումբը Նոր Դելիից մեկնել է Կալկաթա` Ա. Քոչարյանի եւ Հ. Սուքիասի ուղեկցությամբ: Կալկաթայի օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորել են Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Մայր Աթոռի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը եւ Կալկաթայի հայկական եկեղեցական խորհրդի անդամները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում