Հասարակական

Հովվապետական այցով Հնդկաստանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ԱմենայնՀայոց կաթողիկոսը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 23-ին ժամանել է Հնդկաստան: Նոր Դելիի` Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում Վեհափառ Հայրապետին եւ նրա շքախմբին դիմավորել են Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը եւ Հայաստանի դեսպանատան աշխատակիցները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հաջորդ օրը` փետրվարի 24-ին, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը ՀՀ դեսպանի ուղեկցությամբ այցելել է Նոր Դելիում գտնվող` Հնդկաստանի ազգային հերոս եւ Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշահամալիր, որտեղ Վեհափառը ծաղկեպսակ է դրել Մ. Գանդիի գերեզմանին եւ աղոթք բարձրացրել աշխարհում խաղաղության, ազգերի միջեւ եղբայրության համար: Հայրապետը նաեւ գրառում է կատարել համալիրի հուշամատյանում: Նույն օրը հայրապետական պատվիրակությունն այցելել է նաեւ հնդիկ հավատքի հուշարձան ու տաճար հանդիսացող «Ակշարդհամե համալիր, որտեղ նրան ներկայացվել են Հնդկաստանի պատմությունը, մշակույթը եւ ազգային սովորույթները: Վեհափառն այնուհետեւ այցելել է Հնդկաստանի ազգային թանգարան: Փետրվարի 25-ին պատվիրակությունը մեկնել է Ագրա քաղաք, ուր 1562 թ-ին կառուցվել է Հնդկաստանում երկրորդ հայկական եկեղեցին` Սբ Մարտիրոսը: Այն ներկայումս կանգուն չէ, սակայն Ագրայի գերեզմանատանը պահպանվել են հայերի շիրմաքարեր: Պատվիրակությունն այցելել է նաեւ Թաջ Մահալ եւ Ագրայի ամրոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում