Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մի շարք հանդիպումներ է ունեցել Հնդկաստանում
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 28-ին հանդիպել է Արեւմտյան Բենգալ նահանգի գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատտաչարյայի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, գլխավոր նախարարը, ողջունելով Վեհափառ Հայրապետի այցն Արեւմտյան Բենգալ եւ Կալկաթա, անդրադարձել է Հնդկաստանում հայ համայնքի կարեւոր դերակատարությանը, հատկապես Կալկաթայի սոցիալական, մշակութային եւ տնտեսական զարգացման մեջ: Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա բազմադարյա հարաբերություններին: Նա բարձր է գնահատել երկու ժողովուրդների բարեկամությունը եւ ուրախություն հայտնել, որ ներկայումս բազմաթիվ հնդիկ երիտասարդներ իրենց ուսումնառությունն են շարունակում Երեւանի բարձրագույն կրթական հաստատություններում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ համագործակցության ոլորտներին, ինչպես նաեւ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի, Արեւմտյան Բենգալում հայկական եկեղեցիների, գերեզմանատների եւ հուշարձանների ներկայիս կարգավիճակին առնչվող հարցեր: Նույն օրը` երեկոյան, Թաջ Բենգալի հյուրանոցում ի պատիվ Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղի է ունեցել ընդունելություն` կազմակերպված Կալկաթայի եկեղեցական վարչության կողմից: Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը խոսել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ զարգացող կապերի եւ համագործակցության մասին: Ապա Հայրապետական իր օրհնությունն ու սերն է ներկաներին հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Մարտի 1-ին հայրապետական պատվիրակությունը մեկնել է Արեւմտյան Բենգալի ամենավաղ հայկական գաղթօջախը՝ Չինսուրա` այցելելով Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (կառուցվել է 1697 թ. եւ Արեւմտյան Բենգալի երկրորդ հնագույն եկեղեցին է): Այստեղ Նորին սրբությունն աղոթք է վերառաքել առ Աստված բոլոր այն հայորդիների հոգիների հանգստության համար, որոնք ժամանակին Հեռավոր Արեւելքում կենդանություն են տվել հայոց կյանքի նշանավոր այս կենտրոնին, որտեղ այսօր ոչ մի հայ չի բնակվում: Մարտի 2-ին Մադրասում Վեհափառն այցելել է 1712 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որի հարեւանությամբ գտնվում է նաեւ հայկական գերեզմանատունը: Ու թեեւ Մադրասում հայկական բնակչություն չկա, եկեղեցին բաց է այցելուների համար: Այստեղ Նորին Սրբության նախագահությամբ հոգեհանգստյան պաշտոն է մատուցվել վերջին հինգ դարերի ընթացքում Հնդկաստանի հայ համայնքին իրենց հոգեւոր ծառայությունը բերած բոլոր հոգեւորականների հոգիների խաղաղության համար: Ապա Հայոց Հովվվապետը ծաղկեպսակ է դրել Տ. Հարություն ավագ քահանա Շմավոնյանի շիրմաքարին, ով 1794 թվականին նախաձեռնել էր հայոց առաջին պարբերականի` «Ազդարարիե հրապարակումը: Եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է նաեւ Մադրասի պատմական եւ ճարտարապետական պահպանության հանձնախմբի հետ եւ քննարկել Սուրբ Աստվածածին եկեղեցու պահպանման եւ վերանորոգման ուղղությամբ Կալկաթայի համայնքի ձեռնարկած ջանքերին առնչվող խնդիրներ: Կեսօրին Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է նաեւ Մադրասի հայտնի բլրի գագաթին գտնվող Սուրբ Թովմասի մատուռ, ուր նրան դիմավորել են բազում քրիստոնյա հնդիկներ: Մարտի 3-ին Հայոց կաթողիկոսը մեկնել է Բոմբեյ, որտեղ նրան ողջունել է Հնդիկ Մալաբար ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը Բոմբեյի միտրոպոլիտ Մար Կուրիլոսի գլխավորությամբ: Վեհափառն այցելել է Բոմբեյի Սուրբ Պետրոսի հայկական եկեղեցի` իր պատգամն ու օրհնությունը բաշխելով ներկաներին` հորդորելով անսասան մնալ քրիստոնեական հավատի մեջ, հավատարիմ` Սբ. Թովմաս առաքյալի հիմնադրած Հնդիկ Մալաբար առաքելական սուրբ եկեղեցուն: Երեկոյան Ամենայն Հայոց կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Նոր Դելի, որտեղից կվերադառնա Հայաստան: