ՀՀ եւ ԻԻՀ նախագահների մասնակցությամբ բացվեց Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը
5 րոպեի ընթերցում
ՄԵՂՐԻ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Հայաստանի եւ Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությամբ այսօր պաշտոնապես բացվեց Իրան- Հայաստան գազամուղի 40 կիլոմետրանոց հատվածը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գազամուղի բացումը պատմական իրադարձություն համարեց` նշելով, որ այն, անկասկած, նոր էջ է բացում հայ-իրանական հարաբերություններում: «Անկախացումից հետո Հայաստանը բազմաթիվ դժվարությունների է հանդիպել՝ պատերազմ, շրջափակում, էներգետիկ ճգնաժամ: Այսօր այդ դժվարությունները մեր հիշողություններում սկսում են խամրել, սակայն, անկասկած, բոլորս հիշում ենք Իրանի ժողովրդի եւ իշխանությունների կողմից դրսեւորած բարի կամքը եւ մեզ օժանդակելու պատրաստակամությունըե,-նշեց ՀՀ նախագահը: Երկու երկրների միջեւ հարաբերությունները նա համակարգված համարեց` նկատելով, որ տասնհինգ տարի առաջ Մեղրիում երկու պետությունները կապող ոչինչ չկար, բացի Խորհրդային Միության սահմանը խորհրդանշող փշալարերից, ինչպես նաեւ չկար երկու երկրները կապող կամուրջը, որով 2006 թվականին ավելի քան 600 հազար տոննա բեռ է տեղափոխվել: Այսօր արդեն խոսվում է 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության, ինչպես նաեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին: Ռ. Քոչարյանն օրինակելի գնահատեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան եւ նշեց, որ Իրանի նախագահի հետ կարճատեւ այցի ընթացքում քննարկվել են մի շարք նոր հեռանկարային ծրագրեր, ինչպես նաեւ նախորդ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Իրանի նախագահն ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար ներկայումս որեւէ խոչընդոտ չկա: Նա վստահեցրեց, որ էներգետիկայի, կապի, տրանսպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերը նպաստելու են երկու ժողովուրդների կապերի ամրապնդմանը: Իրանի նախագահի խոսքով, թեեւ այցը կարճատեւ էր, սակայն քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին վերաբերող նախկինում ունեցած պայմանավորվածությունները, ձեռք են բերվել նորերը: ՀՀ նախագահն անդրադառնալով երկկողմ քաղաքական շփումներին` նշեց, որ դրանք առկա են բոլոր մակարդակներում, կանոնակարգվում են միջկառավարական հանձնաժողովով եւ սիստեմատիկ բնույթ են կրում: Սա հնարավորություն է տալիս միմյանց ավելի լավ հասկանալ, եւ չկատարել քայլեր, որոնք կարող են թյուրըմբռնման տեղիք տալ կամ ընկալվել որպես երկրի անվտանգության սպառնալիք: Միաժամանակ դա հնարավորություն է տալիս ձեւավորել այնպիսի տնտեսական դաշտ, որը կխթանի ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլ նաեւ՝ ենթակառուցվածքների: Նրա դիտարկմամբ, քաղաքականության եւ տնտեսության բնագավառում կատարվող քայլերը ենթադրում են լուրջ հեռանկարներ երկկողմ հարաբերություների զարգացման բնագավառում: Անդրադառնալով այսօր քննարկված ծրագրերին, Իրանի նախագահը նշեց, որ դրանք վերաբերում են էներգետիկային, մասնավորապես, նավթի եւ գազի ոլորտներին, առեւտրատնտեսական հարաբերություններին, ջրային ռեսուրսներին, կապի եւ այլ ոլորտներում համագործակցությանը: Այդ ծրագրերը քննարկվել են նաեւ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի՝ Իրան կատարած այցի ժամանակ: Այսօր բանակցություններն այդ ծրագրերի ուղղությամբ խորացվել են, եւ շուտով կսկսվեն դրանց փորձագիտական աշխատանքները: Այսօր նաեւ երկու երկրների էներգետկայի նախարարներն ստորագրեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համաձայնագիր: Հիշեցնենք, որ գազատարի խողովակի տրամագիծը 710 մմ է: Այս պահի դրությամբ Հայաստանը տարեկան Իրանից կարող է ստանալ մինչեւ 400 միլիոն խմ գազ, իսկ ընդլայնելուց հետո հնարավոր կլինի ներմուծման ծավալները հասցնել նախ 1 մլրդ խմ- ի, ապա 2,2 մլրդ խմ-ի: