Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել էՀամահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունըե համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, շնորհակալություն հայտնելով Նորին սրբությանն ընդունելության համար` նրանք Վեհափառ Հայրապետին ներկայացրել են խորհրդաժողովի աշխատանքները եւ քննարկված հիմնախնդիրները: Վեհափառը կարեւորել է երիտասարդության ներգրավվածությունը հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման գործում: Նա գոհունակությամբ արձանագրել է, որ հովվապետական այցերի ժամանակ աշխարհի տարբեր երկրներում տեսել է նախանձախնդիր հայ երիտասարդություն` հետամուտ ազգային խնդիրների լուծմանը: «Ազգային ոգու վերարթնությունը երաշխիքն է ազգային ինքնության պահպանությանե,- ասել է Գարեգին Բ կաթողիկոսը` որպես առկա հիմնախնդիրների հաղթահարման ճանապարհ նշելով հոգեւոր միասնությունը, ազգի միաբանությունը եւ համընդհանուր ջանքերի մեկտեղումը: