Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Ազգային բարերարներ Ալեք եւ ՄարիՄանուկյանների մարմինների` Մայր Աթոռ Սբ Էջմիածին փոխադրելու առիթով

6 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Ազգային բարերարներ Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինների` Մայր Աթոռ Սբ Էջմիածին փոխադրելու առիթով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում ասվում է. «Մեծարգո Նախագահ Ազգային Ժողովի, սիրելի Մանուկյան ընտանիք, հոգեւոր հայրեր, սիրելի բարեպաշտ ժողովուրդ. Խորախորհուրդ է Հայրենիքի սիրով ապրած զավակների վերադարձը Հայրենիք` հանգրվանը ազգի անմահ հոգու: Բարձրյալի շնորհով այսօր հայրենի ազատ մեր հողը ընդունում է իր նվիրյալ զավակներին` Ազգային հերոս, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցկյանս Նախագահ Ալեք Մանուկյանին եւ իր մեծազնիվ տիկին Մարի Մանուկյանին, ովքեր ապրեցին եւ անմնացորդ ջանքեր ներդրեցին ի սեր աշխարհասփյուռ մեր ժողովրդի հոգեւոր-ազգային կյանքի զարթոնքի ու պայծառության: Մեծ նվիրատվություններով նրանք պայծառացրին մեր եկեղեցիները, կրթական ու ազգային հաստատությունները: Հայրենիքի բարօր ու բարգավաճ, նոր կյանքի տեսիլքով եւ հավատով նրանք կերտեցին իրենց եւ բազում հայորդյաց կյանքի լուսավոր ուղին: Մեծ բարերարների ձգտումն էր Հայրենիքի պատկերի, հայրենյաց ժառանգության պահպանումը հայորդյաց հոգիներում: Հայրենիքի ու հայ ժողովրդի լուսավոր գալիքի, Սուրբ Էջմիածնին հավատարմության հավատն է նրանց ավանդը սերունդներին, ազգի հարատևության հավատը` հայրենյաց արժեքներով ու սրբություններով: Մեր Եկեղեցու, Սուրբ Էջմիածնի սերը մանկուց էր սերմանված Ալեք Մանուկյանի հոգում: Նա միշտ ջերմ սիրով կապված եղավ եկեղեցական կյանքին` նպաստելով մեր Եկեղեցու առաքելությանը, այլև` բարեգործական ծրագրերով եւ որպես սարկավագ` Տիրոջ Սուրբ Սեղանին սպասավորությամբ: Մենք խորին հուզմունքով ենք անդրադառնում, որ հավատավոր ազնիվ սրտով Ալեք եւ Մարի Մանուկյանները աստվածապարգեւ իրենց ողջ կյանքի ընթացքում հոգացին մերձավորի համար` բազմաթիվ բարեգործություններով կյանքի կոչելով ավետարանական պատվիրանը: Նրանք` իբրեւ արժանավոր քաղաքացիներ Միացյալ Նահանգների, երախտագետ հոգով հանդեպ Ամերիկան, իրենց բարերարություններից մասնահանում կատարեցին նաեւ Միացյալ Նահանգների կրթական ու մշակութային կյանքին: Անմոռաց է լուսահոգի Տեր և Տիկին Մանուկյանների պայծառ հիշատակը: Եկեղեցաշեն ու ազգօգուտ իրենց գործերով նրանք արժանացել են աշխարհասփյուռ մեր ժողովրդի ջերմ սիրույն եւ անկեղծ հարգանքին։ Նրանց առաքինի կյանքի դրվատումն են եւ ծառայությանց ու վաստակի գնահատանքը` բարձր մրցանակներն ու շքանշանները, որ շնորհվել են Ալեք Մանուկյանին: Նա արժանիորեն կրում էր նաեւ մեր Եկեղեցու բարձրագույն` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանը եւ Հայաստանի Ազգային հերոսի կոչումը: Աղոթք եւ օրհնություն խնկարկենք նրանց շիրիմներին: Գոհաբանական աղոթք բարձրացնենք առ Աստված, որ ազգասիրության ու եկեղեցասիրության նրանց ոգին եւ բարի գործոց օրինակը շարունակում է ապրել հայորդյաց հոգիներում, ինչպես նրանց զավակների` Լուիզ Մանուկյան Սիմոնի եւ Ռիչարդ Մանուկյանի եւ թոռների, ովքեր այսօր իրենց կարևոր ներդրումն են բերում մեր Եկեղեցու պայծառությանը, մեր Հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին: Սիրելիներ, այսօր ուրախ են մեր հոգիները, որ մեր Եկեղեցու արժանավոր զավակների, ազգային մեծ բարերարների մարմինները որդու եւ դստեր համաձայնությամբ փոխադրվել են Միացյալ Նահանգներից` ամփոփվելու մեր հոգևոր նվիրական կենտրոնում, Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնության ներքո: Աղոթքով առ Երկնավորը մայր հողին պիտի հանձնենք լուսահոգի Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները, հավատով, որ մեր ժողովրդի կյանքում միշտ հառնած պիտի մնան նրանց բարեպաշտ ու ազգանվեր կերպարները, պիտի ապրեն նրանց ազնիվ գործերը` իբրեւ նրանց հավատավոր հոգու վկայություններ, շարունակելով մեր Եկեղեցու, Հայրենիքի եւ ազգային սրբությունների հանդեպ անսպառ նվիրումի ու աննվազ նախանձախնդրության նոր հունդեր աճեցնել սերունդների հոգում: Աղոթենք, որ Ողորմած եւ Մարդասերն Աստված երկնային բարձունքներում լույսերի մեջ երանությամբ պարուրյալ պահի հավիտենական կենաց խաղաղ ափին հանգրվանած Իր հավատարիմ զավակների հոգիները եւ օրհնի մեզ` մարմնավորելու մեր Հայրենիքի ու ժողովրդի միացյալ երջանիկ կյանքի նրանց եւ ամենքիս տեսիլքը։ Շնորհ եւսԷր եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան: Յիշեա, Տէր, զհոգիս երանաշնորհ բարերարացն մերոց` Ալեք եւ Մարի Մանուկեանների, եւ յանգո զնոսա ի լոյս երեսաց աստուածութեան Քոյ. Ամէնե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում