Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին հանձնվեց Ռուսաստանի Դաշնության «Բարեկամության շքանշանե
5 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Անցած ամսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ՌԴ պետական պարգեւով՝ «Բարեկամության շքանշանովե պարգեւատրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Պարգեւը շնորհվել է ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում կաթողիկոսի ունեցած մեծ ավանդի համար: Այսօր Մայր Աթոռ ս. Էջմիածնի Վեհարանում, հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ պարգեւի հանձնման արարողություն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, գիտության, գրականության, արվեստի գործիչների, արտասահմանյան երկրների դիվանագետների, հոգեւորական դասի ներկայությամբ: Պարգեւը հանձնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը, որը մասնավորապես նշեց, որ Նորին Սրբությունը զգալի ավանդ է բերել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման, երկու երկրների եկեղեցիներին միջեւ կապերի սերտացման գործին: Նրա խոսքերով, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը ըստ արժանվույն է գնահատվել իր ժողովրդի եւ Հայաստանի պետության կողմից հատկապես այս օրերին, երբ նշվում է Հայաստանի Հանրապետության ստեղծման 15-ամյակը: Գնահատելի է նաեւ Նորին Սրբության կատարած աշխատանքը լայնածավալ Ռուսիայում՝ Կալինինգրադից մինչեւ Վլադիվոստոկ, եւ ԱՊՀ մյուս երկրներում ապրող եւ աշխատող հայության շրջանում, մասնավորապես այն ուղղված լինելով նաեւ տեղի երիտասարդության հոգեւոր դաստիարակությանը, ազգամիջյան հանդուրժողականությանը: Դրան շատ է նպաստում Ռուսաստանի տարբեր շրջաններում Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնների գործունեությունը, որտեղ նկատելի է Հայոց հովվապետի անձնական ներդրումը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին շնորհավորական խոսքով դիմեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, պարգեւատրման արարողությունը անվանելով «հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պանծացման պահե: Նորին Սրբության խոսքերով, հայ-ռուսական բարեկամությունը, որի ամրապնդման գործում մեծ վաստակ ունի Ամենայն Հայոց կաթողիկոսը, պատմական անցյալ չէ, այլ ներկա է ու ապագա, այն կենսական է մեր ժողովրդի համար եւ կարեւոր է նաեւ Ռուսիո համար:«Շքանշանը գնահատանք է կատարված աշխատանքի, միաժամանակ մարտահրավեր այդ աշխատանքը շարունակելու համար: Ես վստահ եմ, որ մեր սիրելի Վեհափառը արժանի է այդ պարգեւին, որը ոչ միայն իր պարգեւն է, այլեւ պարգեւ երկու ժողովուրդներինե,- ասաց Արամ Ա կաթողիկոսը: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա ասաց, որ Հայոց հոգեւոր հայրապետները եւ ցարական իշխանության ժամանակ, եւ խորհրդային տարիներին արժանացել են Ռուսաստանի ղեկավարության ուշադրությանն ու պարգեւներին: Իրենից առաջ վերջին կաթողիկոսը, որ պարգեւ է ստացել, եղել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Այս շքանշանը մենք ընկալում ենք որպես պարգեւ տրված Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն, որպես պարգեւ մեր ժողովրդին, որ դարեր շարունակ եղբայրաբար ապրել, աշխատել ու պայքարել է ռուս ժողովրդի հետ միասին: Մեր եկեղեցին դարեր շարունակ նախանձախնդրորեն խնամել է բարի հարաբերությունները ռուս ժողովրդի եւ ռուսական իշխանությունների հետ, եւ մենք ուրախ ենք, որ այսօր այդ բարի ավանդույթները շարունակվում են: Այդ բարեկամական հարաբերությունները փոխանցվել են նաեւ երկու եկեղեցիներին, ու ջերմ կապեր ունենք Համայն Ռուսիո Ալեքսի Երկրորդ պատրիարքի հետե,- նշեց Վեհափառ Հայրապետը, հատկապես շեշտելով, որ Ռուսիո եկեղեցու պետը ջանքեր է ներդնում նաեւ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործում: Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկսը հոգեւոր երաժշտության ուղեկցությամբ Պահպանիչ կարդաց, ապա ներկաներին հրավիրեց ընդունելության: