Հասարակական

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Արմինե Պետրոսյան): Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հուլիսի 22-ին հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, որը նախօրեին ժամանել էր Արցախ` Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարությունից, ողջունելով Վեհափառ Հայրապետին` Արկադի Ղուկասյանը նշել է, որ Ստեփանակերտի բնակիչներին ոգեւորում է տասնամյակների դադարից հետո Մայր տաճար ունենալու հնարավորությունը, եւ որ այդ առիթով հովվապետի ներկայությունը մեծ իրադարձություն է բոլոր արցախցիների համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում նշել է, որ գալով Արցախ` իր օրհնությունն ու զորակցությունն է բերել ազգանվեր այն աշխատանքի համար, որը ներդրվում է յուրաքանչյուր հայորդու կողմից այս երկրի շենացման եւ զարգացման գործում: Լավագույն մաղթանքներն ուղղելով ԼՂՀ իշխանություններին եւ ժողովրդին` Վեհափառ Հայրապետն ասել է, որ Արցախում առկա հոգեւոր-բարոյական առողջ մթնոլորտը պետք է ամրացնի մարդկանց հոգիները, եւ հենց այդ ամուր հիմքերի վրա պետք է կերտվի Լեռնային Ղարաբաղի ամուր պետականությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂՀ քաղաքական եւ տնտեսական դիրքերի ամրապնդման գործում Հայ առաքելական եկեղեցու դերակատարությանը: Հանդիպմանը մասնակցել են հոգեւորականներ, ԼՂՀ իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում