ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գյումրիի քաղաքապետարանում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն
4 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` ծանոթանալու 1988թ. երկրաշարժից ավերված քաղաքի խնդիրներին, 18 տարվա ընթացքում կատարված աշխատանքին: Քաղաքապետարանի տարածքային զարգացման, քաղաքաշիանության եւ շինարարության բաժնի պետ Հրայր Կարապետյանի խոսքերով` առաջնային խնդիր է մարդկանց բնակարաններով ապահովելը, քաղաքը տնակներից ազատելը. Գյուրմրու բնակչության 30 տոկոսն է ապահովված բնակարաններով: Գյումրիում հաշվառված է չորս հազար անօթեւան ընտանիք, նրանցից երկու հազարն ապրում է տնակներում: Նրա տեղեկացմամբ` վերջին վեց տարում քաղաքի տարածքից հանվել է 17 հազար տնակ: Այս տարվա ընթացքում պետբյուջեից 875մլն դրամ է հատկացվել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման ծրագրին, որի շրջանակներում վկայագիր են ստանում 2004թ մարտի 1-ի դրությամբ հաշվառված ընտանիքները: Դիմում ներկայացրած 351ընտանիքներից 301-ն ստացել են վկայագրեր, որոնցից 54-ն արդեն կնքել են առքուվաճառքի պայմանագրեր: Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման համար հաջորդ տարի պետբյուջեից 715 մլն դրամ կհատկացվի: Նշվեց, որ մարզի մյուս բնակավայրերում 430 անօթեւան ընտանիք կա, որոնցից 123-ն ապրում է կիսակառույց բնակելի տներում: Դրանց շինարարության համար 2007թ պետբյուջեով նախատեսված է 163 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, հաջորդ տարի Շիրակի մարզի քաղաքաշինության բնագավառին կտրվի 1մլրդ 745 մլն դրամ: Նշենք, որ 490 մլն դրամ առանձնացված է դպրոցների հիմնանորոգման համար. մարզի 170 դպրոցներից 63-ը հիմնանորոգման կարիք ունի: Հաջորդ տարի Աշոցքի տարածաշրջանում կկառուցվի երեք նոր դպրոց: Գյումրում վթարային շենքերի կապակցությամբ արձանագրվեց, որ նախորդ տարի ՀՀ կառավարության հանձնարարությամբ 88 շենք է ուսումնասիրվել, հաշվառվել որպես ամրացման կարիք ունեցող, բայց հաջորդ տարվա բյուջեով այս նպատակի համար գումարներ նախատեսված չեն: Մինչեւ քաղաքապետարանում խորհրդակցություն անցկացնելը ՀՀ նախագահը Գյումրու քաղաքապետարանի նոր շենքի շինհրապարակում ծանոթացավ կատարվող աշխատանքներին: Քաղաքապետարանի շենքի կառուցման համար նախորդ տարի ՀՀ պետբյուջեից հատկացվել է 250 մլն դրամի սուբսիդիա: Եռհարկանի շենքը, որը կունենա 92 աշխատանքային սենյակ, արխիվի եւ թանգարանի համար առանձնացված տարածք, պատրաստ կլինի 2008 թվականին: Ռ. Քոչարյանն այցելեց նաեւ Գյումրու լողավազան, որը կառուցվել է «Հայաստանե համահայկական հիմնադրամի եւ Գյումրու քաղաքապետարանի միջոցներով (շինարարության համար հատկացված 286 մլն դրամից 100 մլն տրամադրել է քաղաքապետարանը): Երկրաշարժից ավերվել էին Գյումրու երկու լողավազանները: Ներկայումս կառուցվածը միակն է քաղաքում եւ ադեն 1500 այցելու ունի: Երեխաների համար մեկ ամսվա վարձավճարը 5000, իսկ մեծահասակների համար` 10000 դրամ է : Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը, ýինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաýարյանը, Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: