Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը եւ Բարդուղիմեոս Ա պատրիարքը միջեկեղեցական հարցեր են քննարկել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով հովվապետական անդրանիկ այցով Ստամբուլում է, այսօր Կ.Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաýյանի ուղեկցությամբ այցելել է Հունաց Տիեզերական պատրիարքարան, ուր հունաց աթոռանիստ եկեղեցում մասնակցել է առավոտյան ժամերգության: Պատրիարքարանի գահասրահում Նորին Սրբությանը դիմավորել է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ը: Պատրիարքը բարիգալստյան պաշտոնական խոսքով դիմել է Վեհափառ Հայրապետին, ապա իր ողջույնն է ուղղել Ամենայն Հայոց կաթողիկոսը: «...Մեր երջանկահիշատակ նախորդներն այցելել են Ձերդ Ամենասրբությանն ու Ձեր երջանկահիշատակ նախորդներին: Այսօր Մենք ենք այցելում Ձեզ՝ ուրախ սրտով ու եղբայրական սիրով: Մենք այցելում ենք մի ժողովրդի ու եկեղեցու, որ բաժնեկից է Մեզ Քրիստոսի ժառանգությամբ, Նրա վկայությամբ ու Նրա սիրով: Մենք այցելում ենք մի եկեղեցի, որի հետ կիսել ենք պատմությունը ձեռքբերումների ու արարումների, հալածանքների, տառապանքների եւ նահատակության, աղոթքի ու վկայության, որ արթուն է այսօր մեր սրտերում ու մտքերում: Ձերդ Ամենասրբությանը այցելելով` Մենք վստահությունն ունենք, որ մեր աղոթքների ու զրույցների, մեր հանդիպումների ընթացքում պիտի կարողանանք վայելել Քրիստոսի սիրո ու եղբայրության պարգեւները, որ պիտի փոխանցենք որպես օրհնություն` հավատավոր մեր զավակներինե, - ասել է Գարեգին Բ կաթողիկոսը` վերհիշելով պատրիարքի պատմական եւ հիշարժան այցելությունը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի հոբելյանական տոնակատարությունների շրջանակում 2001 թ. նոյեմբերին: Ամենայն Հայոց կաթողիկոսը մաղթել է, որ Տիրոջ օրհնությամբ եւ հովանու ներքո երկու եկեղեցիների միջեւ առկա համագործակցությունն առավել պտղաբերի` ի սեր եւ ի պայծառություն Քրիստոսի Եկեղեցու եւ նրա հանապազ զորացման: Պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել առանձին հանդիպում, որի ընթացքում խոսվել է ընդհանուր միջեկեղեցական եւ մասնավորաբար երկու եկեղեցիների հարաբերությունների մասին: Հունաց պատրիարքարանում ի պատիվ Հայոց Հովվապետի կազմակերպվել էր նաեւ պաշտոնական ճաշկերույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում