Հասարակական

Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական մաղթանք է հղել նոր ուստարվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական մաղթանք է հղել նոր ուստարվա առթիվ, որտեղ ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուսումնական տարվա վերաբացման առիթով ողջունում ենք ձեզ, սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության գործի բոլոր նվիրյալներ եւ հղում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը։ Բարիք է ուսումը, գիտելիքն ու կրթությունը եւ գովելի առաքինություն` այն մարդկանց, կյանքին ու առաջընթացին ծառայեցնելը։ Մեր ժողովրդի դժվարին պատմության դարավոր փորձությունների մեջ գիրն ու դպրությունը եղել են նաեւ փրկության ուղի` հայ եւ քրիստոնյա մնալու, ապրելու եւ վերածնվելու։ Այս տարի տոնախմբում ենք Հայոց գրերի ստեղծման 1600-ամյա հոբելյանը, որի խորհրդով առանձնահատուկ պայծառ ու ոգեշունչ է նոր ուսումնաշրջանի բացումը։ Սուրբ Սահակ եւ Սուրբ Մաշտոց մեր մեծ ուսուցչապետերի գործին եւ անմահ ավանդին հավատարիմ` զորացյալ եղեք առ Աստված հավատով, սիրով` հանդեպ առաքելական մեր Սուրբ եկեղեցին ու հայրենիքը։ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Փրկիչ տերը հոգու եւ մտքի առավել լույս, առավել կորով, եռանդ ու ջանասիրություն պարգեւի ձեզ` ուսանելու եւ ուսուցանելու, փոխադարձ սիրով ու նվիրումով արգասավորությամբ աշխատելու, որպեսզի նոր ուսումնական տարին մեծ հաջողություններ բերի բոլորիդ եւ նոր ուրախություններ։ Թող աստվածային ամենառատ սերն ու շնորհները մեր Տիրոջ` Հիսուսի Քրիստոսի միշտ ձեզ հետ լինեն ու բոլորի` ամենե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում