Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի նախարարի հետ
2 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 18- ին պաշտոնական հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի նախարարի հետ: Վեհափառ Հայրապետը, իր ուրախությունը հայտնելով հանդիպման կապակցությամբ, նշել է, որ «Կրոնը եւ մշակույթը չի կարելի իրարից անջատել. մշակույթների երկխոսությունը մեծապես կարող է նպաստել կրոնների երկխոսությանըե: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Իրանի նյութական ու բարոյական աջակցությունը հայկական պատմական կոթողների վերանորոգման հարցում: «Մշակութային եղեռնը մինչեւ այսօր շարունակվում է. Թուրքիայում պայթեցվում են հայկական եկեղեցիներ, այլ նպատակների են ծառայեցվում վանքեր ու մշակութային կոթողներ, Ադրբեջանում փչացվում են սրբատաշ խաչքարեր: Մինչդեռ Իրանում, պետության հովանավորությամբ, վերանորոգվում են հայկական պատմական կոթողները, վերականգնվում են փուլ եկած եկեղեցիներ` իբրեւ համամարդկային մշակութային արժեքներե: Նախարարը իր գուհունակությունն է հայտնել Արամ Ա կաթողիկոսի այցելության կապակցությամբ` մաղթելով, որ հովվապետական այդ այցը կրոնների փոխհարաբերության ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ համագործակցության նոր առիթ հանդիսանա: Ապա խոսելով իրանահայության մասին, ասել է. «Նրանց հետ պատմական կապեր ունենք, կողք-կողքի ապրել ենք ու բաժանել իրար ցավերն ու ուրախություններըե: Եվ դատապարտելով մշակութային եղեռնը, ավելացրել է. «Մենք դատապարտում ենք բոլոր ցեղասպանությունները, հատկապես, վերջինը՝ քաղաքակիրթ դարում կատարված Հայոց ցեղասպանությունըե: Այնուհետեւ ներկայացվել են մի շարք ծրագրեր, հատկապես, արվեստի բնագավառում, որոնք առավել եւս պիտի նպաստեն քրիստոնեություն-իսլամ երկխոսության զարգացմանը: