2 րոպեի ընթերցում
ՔԱՐԱԿԵՐՏ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Արմենուհի Մխոյան)։ Քարակերտի զարգացման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով մայիսի 23-ին հերթական այցով Քարակերտում է գտնվել ամերիկահայ գործարար, բարերար Գարո Արմենը։ Նրա նախաձեռնությամբ 2004 թվականին Հայաստանի մանուկներ եւ Շիրակի մրցունակության կենտրոն հիմնադրամների կողմից մշակվել է Քարակերտի զարգացման ռազմավարական ծրագիր։ Ներկայումս իրականացվում է «Հայաստանի գյուղական վայրերի զարգացման ինտեգրացված ծրագիրըե, որի շրջանակներում արդեն ընթացքի մեջ են համայնքի բարենորոգմանն ուղղված մի շարք աշխատանքներ։ Բարերարի աջակցությամբ հիմնանորոգվում են գյուղի թիվ 1 եւ 2 նախակրթարանները, թիվ 1 դպրոցը, ամբուլատորիան, կառուցվում է նաեւ ատամնաբուժարան։ Վերանորոգման աշխատանքներից բացի տվյալ կառույցները նաեւ կկահավորվեն։ Համայնքի զարգացման ծրագրի շրջանակներում 90 %-ով լուծվել է գյուղի աղբաթափման խնդիրը. աղբաթափության շարունակական գործընթացն արդյունավետ դարձնելու նպատակով համայնքի հասարակական վայրերում տեղադրվում են աղբամաններ։ Ներկայումս փորձ է արվում լուծել համայնքի կարեւորագույն խնդիրներից մեկը՝ խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը։ Առաջիկայում ԱՄՆ գյուղդեպարտամենտի համագործակցությամբ Հայաստանի մանուկներ հիմնադրամը նախատեսել է իրականացնել ջրամանակարարման ներքին ցանցի բարենորոգման աշխատանքներ, իսկ Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի հետ ծրագրված է լուծել 30 հա պահուստային հողերի ոռոգման խնդիրը։ Նշենք, որ ջրագծի կառուցման նախահաշիվն արդեն պատրաստ է , հայտարարված է նաեւ շինարարական կազմակերպության մրցույթ։ Ջրագծի շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել հունիսին։ Այցի ընթացքում Գարո Արմենը եղել է վերանորոգվող նախակրթարաններում, դպրոցում եւ ամբուլատորիայում, մասնակցել է նաեւ Քարակերտի «ԱրթվիլլՇինե ՍՊԸ-ի կահույքագործական արտադրամասի պաշտոնական բացմանը։