3 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ Է հղել Անկախության օրվա առթիվ. «Սիրելի ժողովուրդ հայոց Անկախության Օրվա առիթով Հայրապետական սիրով ողջունում եւ շնորհավորում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս եւ բերում ամենքիդ լույսն ու օրհնությունը հայոց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի։ Պանծալի օր է այսօր։ Մենք տոնում ենք 1918 թվականին Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում մեր ժողովրդի մղած մայիսյան հերոսամարտերի նվիրական ու փառապանծ հիշատակները։ Գոյամարտ էր։ Մեր ժողովուրդը Վարդանանց ոգով ու սխրանքով պաշտպանեց ու փրկեց մեր Հայրենիքի այս փոքրիկ հողակտորը եւ հռչակեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Գոյամարտ էր եւ Մենք հաղթեցինք։ Աստված կամեցավ, որ եղեռնահար սերունդը հայոց տոնի այդ հաղթանակը։ Այն սերունդը, որը նայեց մահվան երեսին, բայց չերկնչեց մահվանից` ապավինած իր հայրերի Աստծուն, հավատավոր իր հոգու զորությանը։ Կրկնակի է մեր խնդությունն այսօր, քանզի այս տարի համընկել են Անկախության օրը եւ հավատի մեր հոր` Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից ելնելու հիշատակի տոնը։ Տոնում ենք հայոց պատմության երկու պայծառ ու հաղթական իրադարձություն` մահը մերժող իրենց հավերժական խորհրդով։ Մայիս 28-ի լուսեղեն խորհրդի մեջ, մենք միավորում ենք հանուն հայրենյաց ու հավատի մեր բոլոր նահատակներին ու հերոսներին։ Այսօր նրանք մեր կողքին են աննյութական, բայց իրական իրենց ներկայությամբ։ Փառք, խոնարհում եւ աղոթք նրանց անմահ հիշատակին։ Փառք ազատ ու անկախ Հայաստանին։ Փառք մեր հայրերի Աստծուն, որ արժանացրեց մեզ Անկախության Օրվա խորհրդով փառավորելու իր Սուրբ Անունը։ Սիրելի բարեպաշտ հայորդիներ։ Մխիթարություն ու քաջալերություն է Մեզ համար, որ նվիրված Անկախության Օրվան, մեր ժողովրդի զավակները նախաձեռնել են Միասնության շուրջպար բռնել Արագած լեռան շուրջ։ Ոգեշնչող է աննախադեպ այս միջոցառումը իր նպատակով` արտահայտելու և արթուն պահելու մեր ժողովրդի սրտում միաբանության ոգին, որը առաջնորդել է մեզ հաղթանակների։ Մեր աղոթքն ու մաղթանք է, որ Միասնության շուրջպարը մեր ժողովրդի կյանքում դառնա ուխտավորի պար եւ զորացնի մեր զավակների հավատարմության ոգին։ Հավատարմությունը մեր հայրերի Աստծուն ու մեր հավատին, մեր Հայրենիքի սիրուն, մեր պատմությանը, ներկային ու գալիքին։ Դառնա պար ուխտավորի, որ Արագածից վեր միշտ տեսնենք անմար Կանթեղը Լուսավորչի, «ասես Աստծո աչքը պայծառե, որ հսկում է երկնքից հայոց հողին, աշխարհսփյուռ հայոց ազգին։ Թող Աստված խաղաղություն շնորհի աշխարհին համայն, մեր Հայրենիքին ու ժողովրդին, Իր ամենառատ շնորհների ներքո պարգեւի զորություն` շենացնելու ու բարգավաճ դարձնելու հայրենի մեր երկիրը, պահպանի բարօր, միաբան, հավատով ու նախնյաց ժառանգությամբ զորացյալ ու զարթյալ. ամենե,-ասված Է ուղերձում։