Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Գեւորգ Ջահուկյանի հարազատներին
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի մահվան առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ցավակցական գիր է հղել երջանկահիշատակ Գեւորգ Ջահուկյանի սգակիր հարազատներին, որում ասվում է. «Ցավով եւ ափսոսանքով տեղեկացանք ակադեմիկոս, նշանավոր լեզվաբան Գեւորգ Ջահուկյանի մահվան մասին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանուն Գերագույն հոգեւոր խորհրդի եւ Սուրբ Էջմիածնի միաբանության` Մեր խորին ցավակցությունն ենք բերում հանգուցյալի բոլոր հարազատներին։ Արդարեւ, Տերը երկար ու բեղմնավոր տարիների կյանք պարգեւեց Գեւորգ Ջահուկյանին` մեր ժողովրդի արժանավոր, տաղանդաշատ ու մեծանուն զավակին, որը նա համակ նվիրեց հարազատ ժողովրդին ու Հայրենիքին` ծառայելով գիտությանը։ Անգնահատելի է նրա ավանդը հայ եւ ընդհանուր լեզվաբանության մեջ, որը թույլ է տալիս նրա անունը դասել այդ ասպարեզում մեծությունների կողքին։ Նրա պայծառ մտքի ու նվիրյալ հոգու, տարիների անդուլ ջանքի ազնիվ կնիքն են կրում հայոց լեզվի պատմությանն ու արդի հայերենին, հայերենի բարբառագիտությանը եւ համեմատական լեզվաբանությանը նվիրված բազմաթիվ ուսումնասիրությունները, որ առաջնորդում են դեպի մարդկության վաղնջական ժամանակները, մարդկային մտածողության ակունքները։ Երջանկահիշատակ Գեւորգ Ջահուկյանը վայելում էր ակնածանքն ու մեծարումը երախտագետ մեր ժողովրդի եւ հատկապես իր աշակերտների, ովքեր մի քանի սերունդ են ներկայացնում։ Եվ այսօր մեր բոլորի հոգում գերակա է զգացումը, որ իր գործով ու ժառանգությամբ անմահ է նրա հիշատակըե,-ասված Է Վեհափառ Հայրապետի ցավակացական խոսքում: