Լիբանանի Հանրապետության նախագահն ու Արամ Ա կաթողիկոսը քննարկել են երկրում ստեղծված իրադրությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Հանրապետության նախագահ Էմիլ Լահուդի եւ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մարտի 25-ին կայացած հանդիպմանը քննարկվել են վերջին օրերին Լիբանանում ստեղծված իրադրությանն առնչվող հարցեր: Նույն օրը կաթողիկոսն Անթիլիասում ընդունել է նաեւ Լիբանանի ընդդիմության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում նա շեշտել է երկխոսությամբ ազգային միասնականությունը պահպանելու եւ քաղաքական անորոշ իրավիճակից դուրս գալու կարեւորությունը: Արամ Ա կաթողիկոսը նաեւ ընդգծել է, որ նոր կառավարություն կազմելուց եւ ընտրական նոր օրենք մշակելուց հետո միայն կարելի է ընտրություններ անցկացնել: Խոսվել է նաեւ հիշյալ գործընթացներում հայկական համայնքի դերակատարության եւ կարեւորագույն նշանակության մասին: