Նախատեսվում է, որ Գարեգին Բ կաթողիկոսը կմասնակցի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպմանը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը կմասնակցի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի հովանու ներքո կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպմանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո դիվանից, հանդիպումը կկայանա Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում: Նշենք, որ նախօրեին Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտնել էր, որ հանդիպումը նպատակ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու հարցում կրոնական գործիչների միջոցով օժանդակել պետությունների քաղաքական ղեկավարություններին: Իսկ հայկական աղբյուրի տեղեկացմամբ, հնարավոր է հանդիպումը լինի քառակողմ. կմասնակցի նաեւ վրաց հոգեւոր առաջնորդը: