Մայր աթոռ Սբ Էջմիածնում նշվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման եւ գահակալության 6-րդ տարեդարձը
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյայց Առաքելական Սբ եկեղեցին նոյեմբերի 6-ին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման եւ գահակալության 6-րդ տարեդարձը։ Հայոց բոլոր եկեղեցիներում Սբ պատարագի ավարտին կատարվել է Հայրապետական մաղթանք: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Սբ պատարագ է մատուցվել Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ։ Պատարագիչն էր ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը: Սրբազան արարողության ընթացքում, Սրբազան Հայրը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին գահակալության տարեդարձի առիթով` աղոթելով, որպեսզի «Հայրապետական մականը մնա ծաղկյալե, եւ երկար տարիներ Հայրապետական նորանոր իրագործումներով ու բեղուն ծառայությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նավն առաջնորդվի դեպի առավել բարձունքներ: Արարողությանը մասնակցել են Մայր աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, ազգային բարերարներ, ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի թեմական խորհրդի անդամներ եւ բազմաթիվ հավատացյլաներ, որոնք եկել են իրենց նվիրումն ու սերը հայտնելու Մայր աթոռին ու նրա արժանընտիր գահակալին: