Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Հայոց առաքելական եկեղեցու` ԱՄՆ արեւմտյան թեմի ներկայացուցիչների հետ
3 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի` Հայաստանյայց առաքելական եկեղեցու` ԱՄՆ արեւմտյան թեմ կատարած հովվապետական երկրորդ այցելության շրջանակներում առաջին հանդիպումը ամերիկաբնակ հայության հետ տեղի է ունեցել Կոստա Մեսայի Ս. Մարիամ հայկական եկեղեցում։ Նորին սրբությանն ուղեկցել են ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը, Տ. Ներսես արք. Պոզապալյանը, ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանը, Տ. Վաչե արք. Հովսեփյանը եւ թեմի հոգեւորականներ։ Ամենայն Հայոց Հայրապետին հայ հավատացյալների հետ մեկտեղ դիմավորել են նաեւ իշխանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան այրեր, այդ թվում` Կոստա Մեսայի քաղաքապետ Ալան Մանսուրը, պատգամավոր Դանա Ռոհրաբաքերը, Նյուփորթ Բիչի քաղաքագլուխ Սթիվ Բրումբերգը, Հրեշտակաց եկեղեցու հովիվ Փիթր Հայնեսը եւ այլոք։ Եկեղեցական արարողությունից հետո, որն ուղեկցվել է եկեղեցու երգչախմբերի երգեցողությամբ, կաթողիկոսն իր Հայրապետական ողջույնի խոսքն է ուղղել հայորդիներին` հորդորելով նրանց առաջնորդի գլխավորությամբ շարունակելու իրենց ծառայությունն արեւմտյան թեմին։ Հունիսի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոց, որը 2001 թվականից սկսած` համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր բժշկական հաստատությունների հետ: Հիվանդանոցի աշխատակիցներին իր օրհնության եւ գնահատանքի խոսքն ուղղելով` Ամենայն Հայոց կաթողիկոսը խիստ կարեւորել է նրանց անձնվեր ծառայությունն առողջապահության ոլորտում: Նա, հատկապես, անդրադարձել է եկեղեցականների եւ բժիշկների առաքելության նմանությանը, այն է՝ օգնել կարիքավորներին, հիվանդներին եւ կարոտյալներին: Հայոց Հայրապետը խոսել է նաեւ բժշկության ոլորտում Հայ եկեղեցու կարեւոր եւ գործուն ներկայության մասին ինչպես անցյալում, երբ դեռեւս 4-րդ դարում Ներսես Մեծ Հայրապետի ջանքերի շնորհիվ հիմնվել են առաջին հիվանդանոցները, որբանոցները, այնպես էլ այսօր, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործում է «Սբ Ներսես Մեծե հիվանդանոցը: Նորին սրբությունը հիվանդանոցների աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ուր օրհնել է մի քանի նորածին մանուկների. այս հիվանդանոց Ամենայն Հայոց Հայրապետն առաջին անգամ այցելել է դեռեւս 2001թ. ԱՄՆ արեւմտյան թեմ առաջին հովվապետական այցի ընթացքում: