Արամ Առաջինը հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Ռոհ Մու Հեանի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը Հարավային Կորեա կատարած այցի շրջանակներում օգոստոսի 24-ին հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Ռոհ Մու Հեանի հետ: Ինչպես հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից, Արամ Առաջինի հետ հանդիպումից հետո Հարավային Կորեայի նախագահն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր վարչության անդամների հետ: Պաշտոնական հանդիպման ընթացքում Արամ Առաջինը կարեւորել է նախագահի գործունեությունը Հարավային եւ Հյուսիսային Կորեաների վերամիավորման, նաեւ Կորեական թերակղզու վրա ժողովրդավարության սկզբունքների հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Նրա խոսքերով, հրամայական անհրաժեշտություն է երկխոսության շարունակումը, նաեւ փոխադարձ վստահության հաստատումը: