Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է ՌԴ Կոմի Հանրապետության նախագահ Վլադիմիր Տորլոպովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության նախագահ Վլադիմիր Տորլոպովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, բարի գալուստ մաղթելով ներկաներին հայ ժողովրդի նվիրական հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել Է հայ-ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությանը մեր ժողովրդի կյանքում և այն ջերմ հարաբերություններին, որոնք առկա են Հայ և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև: «Ուրախ ենք արձանագրելու, որ անաստվածության երկար տարիներից հետո, այսօր այլևս անկախացյալ մեր երկրում Հայոց Եկեղեցին հնարավորություն ունի լիարժեքորեն իր սուրբ առաքելությունն իրականացնելու մեր ժողովրդի կյանքում: Որպես Հայրապետ Հայոց` այդ առաքելության իրականցման գործում կարևորում ենք նաև մեր եղբայրական կապերը քույր քրիստոնեական եկեղեցիների հետ: Իսկ Մեր երկու եկեղեցիների միջև հարաբերություններն արտացոլանքն են մեր երկու ժողովուրդների ջերմ հարաբերությանե,-նշել Է Նորին Սրբությունն իր խոսքում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կոմի Հանրապետության նախագահ Վլադիմիր Տորլոպովն անդրադարձել Է Կոմի Հանրապետության ներկա վիճակին` հիացմունքով արտահայտվելով տեղաբնակ հայերի մասին, որոնք արժանավոր քաղաքացիներ են և իրենց կարևոր նպաստն են բերում հանրապետության բարգավաճմանը: Կոմի Հանրապետության նախագահը նաև տեղեկացրել Է, որ հանրապետության մայրաքաղաքում հայոց եկեղեցու կառուցելու համար առաջիկայում հողահատկացում է կատարվելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում