Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա պատգամը ժողովրդին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ամանորյա պատգամն է հղել ժողովրդին: Ստորեւ ներկայցվում է այն ամբողջությամբ. «Սիրելի ժողովուրդ հայոց Տարեմուտ է։ Դիմավորում ենք նոր` 2004 թվականը։ Տոնական այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ջերմորեն ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում ամենքիդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս։ Տարեմուտը միշտ խորհրդաշատ է, միշտ հուսառատ։ Տարեմուտը` քրիստոնյաներիս համար նաև հոգեշաղախ է ու հոգենորոգ, քանզի ամեն նոր տարի սկիզբ է առնում Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության խորհրդով, որ պարզում է մեր հոգիներին Աստծո Սերը մեր հանդեպ և անընդմիջելի մերձավորությունը մեզ։ Ժամանակի առանձնահատուկ հանգրվան դարձած տարեմուտի այս փոքրիկ պահը մեր հայացքներն ուղղում է միաժամանակ դեպի անցնող տարին և դեպի հույսերով եկող նոր տարին։ Գոհաբանական աղոթք բարձրացնենք երկինք, որ Աստված խաղաղ պահեց մեր Հայրենիքի սահմանները, և մեր ժողովուրդը Հայաստանում ու Արցախում ձեռնամուխ եղավ իր ստեղծագործ կյանքի առաջընթացին։ Այսօր բոլորս հատկապես ուրախ ենք, որ վերաշինվում են աղետյալ մեր շեները, և բազմաթիվ ընտանիքներ նոր հարկի ներքո են դիմավորում տարեմուտը, որ իրենց դռներն են բացել մեր մշակույթի նորոգված հաստատությունները։ Արդարև, հակառակ առկա տնտեսական ու ընկերային բազմաթիվ հիմնախնդիրների ու դժվարությունների, հուսադրող զարգացումները իրական են հայրենական մեր կյանքում ու պիտի բազմապատկվեն Աստծո օգնականությամբ, մեր հոգում և մեր կյանքում առ Հայրենին սիրո հաղթանակներով։ Անցնող տարին հատկանշվեց նաև Հայրենիքի և Սփյուռքի ներշաղախ կյանքի դրսևորումներով, հայրենաշեն իրագործումներով, հանդիպումներով ու հավաքներով, որոնք նոր ծրագրերի ու ձեռնարկների ելակետ ու խրախույս պիտի դառնան` զորացնելով լավատեսության ոգին աշխարհսփյուռ մեր ժողովրդի։ 2003 թվականը նշանակալից եղավ և ազգային-եկեղեցական մեր կյանքում։ Օրհնաբեր և աղոթախոս օրեր ապրեցինք երկու մեծ հոբելյաններով։ Տոնախմբեցինք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի 1700-ամյակը և Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանե աղոթագրքի 1000-ամյան։ Մեր հավատի նորոգության նոր առիթներ դարձան գիտաժողովները, հրատարակությունները, բազմաթիվ միջոցառումներն ու հանդիսությունները, Հայաստանի և Սփյուռքի թեմերից մեր ժողովրդի հազարավոր զավակների ուխտավորաբար այցելությունները Սուրբ Էջմիածին։ Այսօր առանձնակի կարևորում ենք «Հայ Եկեղեցու պատմությունե առարկայի դասավանդությունը հանրակրթական մեր դպրոցներում, իրադարձություն, որով նաև հիշվելու է 2003 թվականը մեր պատմության մեջ։ Հիրավի, բացվել են Աստծո ողորմության դռները։ Լավատես հոգով շրջենք 2003 թվականի էջը մեր պատմության։ Նոր տարին դիմավորենք բարեշրջությունների, բոլոր ասպարեզներում որոշիչ տեղաշարժերի բարի ակնկալությամբ և այն համոզումով, որ պիտի ընթանանք միասնաբար, հաստատակամ ու աներկբա, յուրաքանչյուրս մեր տեղում կրելով պատասխանատվության մեր բաժինը։ Այս պատգամով ու մաղթանքով վերստին Մեր ողջույնն ու օրհնությունն ենք բերում հայաստանաբնակ մեր ժողովրդին, ազատաշունչ Արցախի հայությանը, Սփյուռքի մեր զավակներին: Թող Ամենակարողն Աստված առաջնորդի մեր ժողովրդի վերազարթոնքի ճանապարհները և անսասան պահի մեր Հայրենիքը` ազատ ու անկախ պետականությամբ։ Թող Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, և թող նոր` 2004 թվականը հաջողություններ բերի պետությունների ու ժողովուրդների համատեղ, ընդհանուր կյանքին, երջանկություն ու բարիք` բոլոր մարդկանց: Տարեմուտի այս գիշեր և գալիք նոր տարում, մեր կյանքի բոլոր օրերում բոլոր նվերներից ավելի հույս ու սեր պարգևենք միմյանց: Շնորհավոր 2004 նոր տարիե:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա