Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Վրաստանի Հանրապետության առաջին տիկին Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է Վրաստանի առաջին տիկին Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով վրաց առաջին տիկնոջ այցը Սբ. Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձել Է հայ-վրացական դարավոր հարաբերություններին, երկու հարեւան ժողովուրդների բարեկամությանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` տիկին Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսը Հայոց Հայրապետին ներկայացրել Է իր այցի մանրամասները և այն բարեգործական ծրագրերը, որոնք նա իրականացնում է Վրաստանի Հանրապետությունում: Նա հատկապես կարևորել Է այն ծրագրերը, որոնք ուղղված են ժողովրդի սոցիալական կյանքի բարելավմանը, առողջության պահպանությանը և կարիքավորներին օգնելուն: Վերջում Նորին Սրբությունը հաջողություն Է մաղթել Վրաստանի առաջին տիկին Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսին իր առաքելության մեջ: