Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Նիկոլաե Իորդակեին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաե Իորդակեին։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով դեսպանին` Վեհափառ հայրապետն ուրախությամբ նշել է երկու երկրների եւ եկեղեցիների բարեկամական կապերը՝ համոզմամբ, որ նորանշանակ դեսպանը եւս կնպաստի այդ կապերի զորացմանը։ «Ես ներկայացնում եմ Ռումինիայի Հանրապետությունը, սակայն հնարավոր չէ պետությունից անջատ տեսնել եկեղեցին, քանզի ինչպես Հայ, այնպես էլ Ռումին եկեղեցին դարեր շարունակ եղել են նաեւ առաջնորդը իրենց ժողովրդիե, -ասել է դեսպան Իորդակեն՝ Նորին Սրբությանը փոխանցելով Ռումին ուղղափառ եկեղեցու հովվապետ Թեոկտիստ Պատրիարքի ջերմ ողջույնները։ Հանդիպման ընթացքում խոսվել է երկու եկեղեցիների եւ ժողովուրդների միջեւ առկա եղբայրական հարաբերությունների մասին։ Մասնավորապես, անդրադառնալով երկու եկեղեցիների միջեւ հաստատված ջերմ կապերին, Նորին Սրբությունը նշել է գահակալության առաջին տարում Ռումինիա կատարած իր հովվապետական այցին, որի ընթացքում հանդիպում է ունեցել նաեւ Թեոկտիստ Պատրիարքի հետ։