Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարին
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել Է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Լի Չժաոսինին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, բարի գալուստ մաղթելով Հանրապետության արտաքին գործերի նախարարին հայոց հոգևոր կենտրոն Ս. Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձել Է Հայ Առաքելական Եկեղեցու անցած ուղուն, դեռևս վաղ միջնադարում ձևավորված հայ-չինական կապերին և ողջունել երկու երկրների միջև օրեցօր աճող համագործակցությանը տարբեր ոլորտներում: Նորին Սրբությունն ընդգծել Է, որ օրեցօր զարգացում ապրող Չինաստանի հետ սերտ հարաբերությունները շահավետ կլինեն երկու ժողովուրդների համար և կամրապնդեն նաև նույնական տառապանքների միջով անցած երկրների պետականության հիմերը: ՉԺՀ արտաքին գործերի նախարար Լի Չժաոսինը շնորհակալություն հայտնել Հայոց Հայրապետին ընդունելության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է լինել հարուստ պատմություն և մշակույթ ունեցող Հայաստան երկրում և հյուրընկալվել Ամենայն Հայոց Հայրապետի կողմից: Նա իր խոսքում արձանագրել Է, որ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի Չինաստան կատարած պաշտոնական այցից հետո նոր որակ և ձև են ստացել հայ-չինական հարաբերությունները՝ կարևորելով համագործակցությունը մարդկությանը հուզող զանազան խնդիրներում: Անդրադառնալով հայ-չինական պատմական անցյալին՝ Լի Չժաոսինն ուրախությամբ նշել Է, որ չնայած Հայաստանն իր տարածքով փոքր երկիր է, սակայն մեծ է նրա տաղանդավոր զավակների ներդրումը համաշխարհային քաղաքակրթության գանձարանում՝ ընդգծելով, որ միջնադարում առաջին անգամ Աստվածաշունչ մատյանը չինարեն է թարգմանվել հենց հայ մարդու շնորհիվ: