Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սբ. Սահակ- Սբ. Մեսրոպ շքանշան Է հանձնել Ալբերտ Սևինչին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր տեղի Է ունեցել շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն։ Նորին Սրբությունը Հայ Առաքելական եկեղեցու Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ շքանշանով պարգևատրել Է գերմանահայոց թեմի մշակութային հանձնախմբի ատենապետ Ալբերտ Սևինչին՝ Գերմանիայում հայ մշակույթը ներկայացնելու նախանձախնդիր աշխատանքի համար։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, բացման խոսքում Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արք. Բեկչյանն անդրադարձել Է Ալբերտ Սևինչի անցած ուղուն, մշակութային գործունեությունը և այն անհուն սիրուն ու նվիրմանը, որ ունի վերջինս՝ հանդեպ մեր հայրենիքն ու Ս. էջմիածինը: Արժանանալով պատվավոր պարգեւին՝ Ալբերտ Սևինչը շնորհակալություն Է հայտնել Վեհափառ Հայրապետին, հավաստիացնելով, որ իր կարելին պիտի անի հայրենիքի և Ս. Էջմիածնի պայծառության ու բարգավաճման համար: Վերջում ներկաներին իր հայրական խոսքն Է ուղղել Ամենայն Հայոց Հայրապետը` բարձր գնահատելով գերմանահայոց թեմի մշակութային հանձնախմբի ատենապետ Ալբերտ Սևինչի մշակութային գործունեությունը։ «Հայ մշակույթը, որ սնվել է Ավետարանից, Քրիստոսի լույս պատվիրաններից ու պատգամներից, միաժամանակ դառնում է սնուցիչ հայ հավատավոր հոգու համար, դառնում է ակունք, աղբյուր հայորդու պապակ հոգու համար` վերստին հոգևորով զորացնելու իր անձը, հոգևորով ամրացնելու իր հոգին: Մենք գիտենք, որ մեր ժողովուրդը դարերի հոլովույթում բոլոր փորձությունների և դժվարությունների մեջ կարողացել է ապահովել իր գոյությունը շնորհիվ իր հավատքի ու հոգևոր արժեքների, արարողական, ստեղծագործական իր կամքի ու ներուժիե,-նշել Է Նորին Սրբությունը: