Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի լուսավորության նախարարին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության լուսավորության նախարար Մահմուդ Աս-Սայյեդի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի ուղեկցությամբ։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում խոսվել է երկու ժողովուրդների բարեկամության եւ կրթական ոլորտում հայ-սիրիական համագործակցության հեռանկարների մասին։ Վեհափառ հայրապետը գոհունակությամբ է նշել Սիրիայի կառավարության բարյացկամ վերաբերմունքը հանդեպ սիրիահայ համայնքի, ինչի արտահայտություններից մեկը հայկական բազմաթիվ դպրոցների առկայությունն է այդ երկրում։ Իր հերթին պրն. Սայյեդին բարձր է գնահատել հայ համայնքի դերը երկրի կյանքում։ Մասնավորապես ընդգծելով հայ մասնագետների, այդ թվում հայ ուսուցիչների աշխատանքը՝ պրն. Սայյեդին նշել է, որ իր երկու զավակները եւս Դամասկոսի հայկական դպրոցի սաներ են։ Հանդիպման ընթացքում Վեհափառ հայրապետն անդրադարձել է նաեւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Սիրիայի ասորական եկեղեցու միջեւ եղբայրական ջերմ հարաբերություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում