Հասարակական

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը ուսումնական տարվա վերաբացման առթիվ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվա վերաբացման առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնել է հանրապետության աշակերտությանն ու կրթության բնագավառի աշխատողներին: Օրհնության խոսքում ասված է. « Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուսումնական տարվա վերաբացման առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում կրթության ասպարեզի սպասավորներին և ուսումնական հաստատությունների սաներին։ Մեր ժողովուրդը դարերով ապրել է գիտելիքի ու դպրության հանդեպ սերը հոգում, պահպանել է այն հակառակ ամեն փորձության և ավանդել է մեզ իբրև թանկ ժառանգություն։ Այսօր Մեր աղոթքն է, որ նոր հույսերով սկսվող ուսումնական տարին լեցուն լինի ուսումնատենչ ոգով, չնվազող ջանասիրությամբ ու նախանձախնդրությամբ, որպեսզի գիտելիքն ու ճանաչողությունը, հոգևոր բարոյական արժեքները միշտ մնան մեր կյանքի անբաժան մասը ու պտուղներ տան առատ ու բարի։ Կրթության բնագավառի սիրելի նվիրյալներ և սիրասուն սաներ, մաղթում ենք, որ հոգով ու մտքով զորացած անցնեք դեպի իմացության լույս առաջնորդող ձեր միասնական ճանապարհը, և թող Բարձրյալ Տերը օրհնի ձեր ջանքերը ու բարի ընթացքը` հանուն մեր Հայրենիքի վաղվա նոր օրվա և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավետ շինության ու պայծառության։ Թող ամենառատ շնորհներն Աստծո ու սերն անսահման լինեն ձեզ հետ ու բոլորի: Ամենե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում