Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս,Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ: Նրանում ասված է. «Սիրելի ժողովուրդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և շնորհավորում ենք ձեզ Հաղթանակի և Խաղաղության օրվա առիթով և բերում ենք բոլորիդ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։ Հաղթանակը ýաշիզմի դեմ, որը ձեռք բերվեց բազմաթիվ ժողովուրդների մեծ զոհողություններով, բռնությունն ու պատերազմը մերժելու և խաղաղությունն ընտրելու մարդկության կամքի վկայությունն է։ Մեր հայրերը նույնպես հերոսական մասնակցություն են բերել ýաշիզմի դեմ պատերազմը հաղթանակով ավարտելու պայքարին` ի սեր ազատ ու խաղաղ կյանքի, որը պատմության մեջ մշտական ձգտումն է եղել մեր ժողովրդի։ Ազատության մեր սերով ու խաղաղ գալիքի հավատով կերտեցինք նաև հայոց նորօրյա կյանքի մեծ հաղթանակը` Արցախի ազատագրությունը, և Մայիսի 9- ի տոնական ուրախությունը այսուհետ կրկնակի է մեզ համար։ Հաղթանակի ու խաղաղության պանծալի տոնի առիթով Մեր մասնավոր շնորհավորանքներն ու գնահատանքն ենք բերում հայրենյաց պաշտպան քաջարի զավակներին մեր ժողովրդի` Երկրորդ աշխարհամարտի վետերաններին և Արցախյան ազատամարտի մասնակիցներին։ Աղոթք ենք բարձրացնում բոլոր նրանց համար, ովքեր չվերադարձան ռազմի դաշտից և բոլոր նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն։ Մեզ հետ է, սակայն նրանց գործը` մեր Հայրենիքի, մեր ժողովրդի ազատությունն ու խաղաղությունը, մեզ հետ է արդար պայքարի հաղթանակի հանդեպ նրանց հավատը։ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ աշխարհի ժողովուրդները, տոնի խորհրդով անդրադառնալով շուրջ կես դար առաջ տեղի ունեցած Երկրորդ աշխարհամարտի իրադարձություններին, նորոգեն իրենց հոգում պատրաստակամությունը` միացյալ ջանքերով հաստատելու ու պահպանելու խաղաղությունը աշխարհի բոլոր անկյուններում։ Թող Ամենախնամ Տերը ազատ ու խաղաղ պահպանի նաև մեր Հայրենիքը և օրհնի իր նոր կյանքը կերտող մեր ժողովրդի ջանքերը։ Շնորհք, սէր և խաղաղութիւն Աստուծոյ եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեանն. ամէնե։12.30