Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ՀՀ նախագահի պաշտոնակալման արարողության ժամանակ խոսք ասաց Վեհափառ Հայրապետ, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը. «Սիրելի ժողովուրդ հայոց Գոհություն և փառք բարձրացնենք առ Աստված, որ ինքնիշխան ու ազատ է մեր Հայրենիքը և մենք կրում ենք պատիվն ու պատասխանատվությունը ապահով ու ամուր պահպանելու և զորացնելու անկախ մեր Հայրենիքի սրբազան իրականությունը` դարավոր տեսիլքը մեր նախնյաց։ Վերանկախացյալ Հայաստանի կյանքում սկսվում է նախագահական մի նոր շրջան։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ծառայական իր ուխտը կատարեց` ձեռքը դնելով Աստվածաշունչ Մատյանին և վկայակոչելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Նախագահական երդման յուրաքանչյուր արարողություն արտահայտությունն է նաև ազգային պետականության մեր ապրումի, մեր հոգիներում` Հայաստանի անկախության ու ազատության խորհրդի պանծացումի։ Այս զգացումներով Ամենայն Հայոց մեր սրբօրրանից` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել ենք Հայրապետական Մեր օրհնությունը բերելու Հանրապետության վերընտրյալ Նախագահին և Մեր խոսքը ուղղելու աշխարհասփյուռ սիրեցյալ մեր ժողովրդին՝ հնչեցնելով Պողոս առաքյալի պատգամը. «Զի դուք յազատութիւն կոչեցեալ էք... սիրով ծառայեցէք միմեանցե (Գաղ. 5. 13(։ Արդարև, ազատության ենք կանչված, սիրով ծառայենք միմյանց։ Դժվարին օրեր ապրեցինք ընտրությունների հետ կապված, հուզումներ ու անհանգստություններ, որոնց անդրադարձը այսօր ավելի պիտի իմաստնացնի մեզ, ավելի ամրացնի միասնական լինելու մեր կամքն ու որոշումը, սիրով միմյանց ծառայելու մեր ձգտումը։ Այդ անդրադարձը ավելի որոշ պիտի դարձնի մեկ նպատակի` Հայրենիքի շահի մեր գիտակցումը։ Հայրենիքը մենք ենք` յուրաքանչյուրս և ամենքս։ Միաբանությամբ ու համերաշխությամբ պիտի գծենք Հայրենիքին ծառայության մեր ճանապարհը։ Սիրով միմյանց ծառայելով պիտի վկայենք մեր ճշմարիտ հայրենասիրությունը և մեծագույն հավատարմությունը Հայրենիքին։ Հայաստանի ազատության ու անկախության հետ ընտրել ենք նաև ժողովրդավարությունը։ Անցնող տասնամյակում առիթներ ունեցանք համոզվելու, որ ունեցած բոլոր ձեռքբերումներով հանդերձ, դեռևս ճանապարհ ունենք անցնելու դեպի կայացած ժողովրդավարություն, որի գերագույն նպատակը մարդու արժևորումն է, մարդու արժևորումը, որ ծնունդն է քրիստոնեական ոգու ու մտածումի։ Ժողովրդավարության մեր ճանապարհը լուսավորված և ուղիղընթաց կլինի, երբ մեր կյանքի անկապտելի մասը դարձնենք ավետարանի պատվիրաններն ու պատգամները, ապրենք քրիստոնեական արժեքներով, որոնցից հարկադրված հեռու ենք եղել տասնամյակներ շարունակ։ Արդարությունը, օրենքն ու իրավունքը Աստծո և միմյանց հանդեպ մեր սիրո արգասիքներն են, որ մեր հոգիներից պիտի բխեն, որպեսզի իրականություն դառնան և առաջնորդեն հասարակական մեր կյանքը ու ամրապնդեն մեր պետականության հիմերըե։