Հասարակական

Սբ Հարության տոնի առիթով Գարեգին Բ Կաթողիկոսը մասնավոր ուղերձ է հղել իրաքահայությանը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով մասնավոր ուղերձ է հղել Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանին եւ ողջ իրաքահայ համայնքին։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում մասնավորապես ասված է. «Մենք շարունակում ենք աղոթել, որ խաղաղ կյանքը շուտով իր բնական հունը գտնի Իրաքի հնամյա հողի վրա, եւ երկիրը, որը դարերով հյուրընկալել է մեր ժողովրդի զավակներին, արագորեն վերագտնի իր կենսական ուժերը։ Հանապազ աղոթում ենք ամենքիդ համար, որ դուք արիանաք դժվարությունների եւ հոգսերի մեջ եւ հավատով զորացած՝ առաջնորդ, հովիվ եւ հոտ, նախնյաց աննկուն ոգով շարունակեք ապրել ու արարել եւ կենսունակ եւ աշխույժ պահել համայնքային ձեր կյանքը՝ ի մխիթարություն եւ ուրախություն աշխարհասփյուռ մեր ժողովրդի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական ջերմ սիրով Մեր օրհնությունն ենք հղում ձեզ բոլորիդ՝ մաղթանքով, որ Տիրոջ հրաշափառ Հարության շնորհները մշտամնա լինեն ընտանեկան ձեր հարկերում եւ համայնքային կյանքից ներսե։ Ամենայն հայոց կաթողիկոսը, ընդառաջելով թեմակալ առաջնորդի եւ թեմական խորհրդի խնդրանքին եւ նկատի առնելով Իրաքում առկա ծանր իրավիճակը, արտոնել է Զատկի տոնակատարությունները կատարել հին տոմարով։ Զատկական պատարագի ընթացքում՝ ապրիլի 27-ին, Իրաքի թեմի առաջնորդն ու եկեղեցական դասը իրաքահայ համայնքին կներկայացնեն նաեւ Վեհափառ Հայրապետի մասնավոր ուղերձը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում