Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությանը՝ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովի ուղեկցությամբ: ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Ամենայն հայոց հայրապետը եւ Մոսկվայի քաղաքապետը ուրախությամբ են փաստել, որ վերջին տասը տարիներին առավել ամրապնդվել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Հայոց հայրապետն իր գնահատանքն է հայտնել Մոսկվայի քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ ունեցած հոգատար վերաբերմունքի համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պրն. Լուժկովը դրվատանքով է խոսել մոսկվաբնակ հայերի եւ հասարակական կյանքում նրանց ունեցած ավանդի մասին: Ապա նա նշեց, որ Նորին Սրբություն Ալեքսի պատրիարքի աջակցությամբ քաղաքապետարանը փորձում է սերտ կապեր եւ բարի հարաբերություններ հաստատել բոլոր համայնքների եւ կրոնական հարանվանությունների հետ: Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը պրն. Լուժկովին է շնորհել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շքանշան: Հանդիպմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը, Սբ. Էջմիածնի միաբանության հոգեւոր հայրեր: