2 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական եկեղեցիների հոգեւոր պետը առաջիկայում կայցելի Անթիլիաս: Այդ մասին հայտնել է Լիբանանում Գերմանիայի Դաշնության դեսպան տկն Քեմփի Սիկորան երեկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին տված այցի ժամանակ: Հանդիպման խոսակցության նյութը, ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, եղել է Լիբանանի ներքին կացությունը եւ Իրաքի այժմյան իրավիճակը, որի վերաբերյալ տիկին դեսպանը ներկայացրել է իր պետության տեսակետը եւ մտահոգությունները: Անդրադառնալով կիրակի օրը Անթիլիասի Մայր տաճարում տեղի ունեցած միջեկեղեցական արարողությանը, դեսպանուհին բարձր է գնահատահել Վեհափառ հայրապետի պատգամը, որին անդրադարձել են երկրի ýրանսատառ եւ արաբատառ թերթերը: Եկեղեցիների միության ու սերտ գործակցության կարեւորությունը շեշտող այդ պատգամը, ասել է նա, բոլոր ժամանակներից առավել այսօր իր գործնական արտայայտությունը պետք է գտնի: Իսկ այսօր, ըստ Անթիլիասից ստացված տեղեկատվության, Արամ Ա Վեհափառ ընդունել է Լիբանանում Չեխիայի նորանշանակ դեսպան Մարեք Սքոլելին: Դեսպանն իր անդրանիկ այցելության առիթով լայն տեղեկություններ է ստացել Լիբանանի հայ համայնքի եւ ընդհանրապես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության սփյուռքյան լայնածիր առաքելության մասին: Փոխադարձ ծանոթացման հանդիպումն ընդգրկել է նաեւ տեղական, շրջանային ու միջազգային բնույթի, նաեւ Լիբանանի, Իրաքի եւ առհասարակ Միջին Արեւելքի ներկա կացության շուրջ: Դեսպանը Վեհափառ հայրապետին տեղյակ է պահել Չեխիայի այժմյան իրավիճակի մասին, անդրադառնալով նաեւ իր երկրում հայ համայնքի կյանքին: Արամ Ա-ն կարեւորել է համաշխարհայնացումի այս դարում Եվրոպայում մշակութային արժեքների պահպանումը: «Եվրոպան ավելի մշակութային իրականություն է իր իրագործումներով, քան՝ քաղաքականե,-ասել է Վեհափառը եւ շեշտել մշակութային այդ դիմագիծը վերարժեւորելու գաղափարը: