Նոր տարվա գիշերային պատարագը Անթիլիասում համատեղ նախագահել են Արամ Ա կաթողիկոսը եւ Եթովպական եկեղեցու պատրիարք Փաուլոսը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Տարվա առաջին ժամերին, կես գիշերին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Սուրբ պատարագը մատուցվել է Արամ Ա կաթողիկոսի եւ եթովպական ուղղափառ եկեղեցու պատրիարք Ապունա Փաուլոսի հանդիսապետությամբ: Նոր Տարվա ավանդական ուրախությունից հետո նպատարագին ներկա են եղել մեծաթիվ հավատացյալներ: Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, կես գիշերային խորհրդավոր արարողությունը շքեղ փայլ ստացավ այս տարի, հատկապես Եթովպական քույր եկեղեցու պետի եւ հոգեւոր սինոդի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք իրենց աղոթքները միացրին հայ եկեղեցու հավատացյալների աղոթքներին, ցանկալով, որ խաղաղությունը ու արդարությունը սերտացնեն համայն աշխարհի մարդկության սրտերը, որպեսզի վերջ գտնեն պատերազմները ու սերը տիրապետի ամերուրեք: Պատարագից հետո Վեհափառ հայրապետը եւ Փաուլոս պատրիարքը Նոր Տարվա շնորհավորություններն ընդունել են վեհարանի դահլիճում:

Հայերեն