Արամ Ա կաթողիկոսը վտանգավոր է համարում Եվրոպական Միության մեջ Թուրքիայի անդամակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր ընդունել է Լիբանանում Իտալիայի նորանշանակ դեսպան üրանկո Միսթրեթային: Փոխադարձ ծանոթացման հանդիպմանը, ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը, շոշափվել են նաեւ տեղական, շրջանային ու միջազգային բնույթի հարցեր: Դեսպանին մասնավորապես հետաքրքրել է, թե Արամ Ա-ն ինչ կարծիքի է Եվրոպական Միության մեջ Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ: Արտահայտելով իր տեսակետը, Վեհափառ հայրապետը նշել է, որ Թուրքիայի ներկայությունն այդ ընտանիքում կարող է մեծապես վնասել Եվրոպայի ինքնությանը եւ արժեքներին, նկատի ունենալով ոչ միայն այդ երկրի անցյալը, այլեւ այժմյան վերաբերմունքը հատկապես մարդկային իրավունքների բնագավառում: Հանդիպման ընթացքում Վեհափառ հայրապետը՝ հիշելով հինգ տարի առաջ Վատիկան կատարած իր պաշտոնական այցը, նշել է, որ առաջիկա շաբաթ Իտալիայի մայրաքաղաքում Արեւելյան ուղղափառ եկեղեցիների ու Հռոմի միջեւ սկսվելու է աստվածաբանական երկխոսություն, որի կազմակերպման մեջ մեծ է նաեւ իր՝ Արամ Ա-ի դերը: Դեսպան Միսթրեթան հետաքրքրվել է նաեւ Սփյուռքի հայության ու հատկապես Միջին Արեւելքում ապրող հայերի մասին: Վեհափառը համապարփակ ներկայացրել է համասփյուռքյան հայ կյանքի պատկերը, նրանում Մեծի Տանն Կիլիկիո դերակատարությունը:

Հայերեն