Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպում ունեցավ Էջմիածին քաղաքի մտավորականների հետ
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր հանդիպում ունեցավ Էջմիածին քաղաքի մտավորականության հետ՝ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի եւ Էջմիածնի քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման նպատակն էր քննարկել Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հետ փոխգործակցության այն ոլորտները, որոնք նպաստավոր կարող են լինել քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը: Այս առիթով Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրեց մի շարք ծրագրերի մասին, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն: Դրանցից է քաղաքի նախկին պիոներների պալատում Հայորդյաց տուն հիմնելու ծրագիրը: Հայոց Հայրապետը գնահատանքով նշեց, որ ամերիկաբնակ բարերարներ Տեր եւ Տիկին Հարություն Թուýայանները ոչ միայն ստանձնել են շենքի վերանորոգման եւ կահավորման, այլեւ՝ հետագա գործունեության ծախսերը: Վեհափառ Հայրապետի հաղորդմամբ, առաջիկայում քաղաքի երեխաները Մայր Աթոռ Սբ Էջմիածնից կստանան նաեւ մեկ այլ նվեր՝ ընդարձակ մի խաղահրապարակ: Նախատեսվում է նաեւ քաղաքում ծերանոց կառուցել: Վեհափառ Հայրապետը հավաստեց, որ Մայր Աթոռը հնարավորինս կիրականացնի նաեւ այլ ծրագրեր: Հանդիպման ընթացքում ներկաներն առիթ ունեցան իրենց հարցերն ուղղելու Հայոց Հայրապետին եւ իրենց մտածումները կիսելու կրթական եւ սոցիալական զանազան խնդիրների շուրջ: