Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Դավիթ Պելեգին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության Կենտրոնական Եվրոպայի եւ Եվրասիայի բաժանմունքի փոխտնօրեն, դեսպան Դավիթ Պելեգին՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ռուբեն Շուգարյանի եւ Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր աթոռի մամլո դիվանից, հանդիպան ընթացքում խոսվել է աշխարհում եւ մասնավորապես Սբ. Երկրում խաղաղության հաստատման խնդիրների շուրջ եւ նշվել կրոնական պետերի կարեւոր դերակատարությունն այս հարցում: Վեհափառ Հայրապետը միաժամանակ գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների առնչությամբ՝ ընդգծելով, որ դրանց զարգացմանն իրենց նպաստն են բերում նաեւ հայ եւ հրեա համայնքները: Նորին Սրբությունն իր շնորհակալությունն է ուղղել նաեւ Իսրայելի իշխանություններին, որոնք ընդառաջելով Ամենայն հայոց հայրապետի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության եւ բազմաթիվ այլ դիմումներին, վճռեցին պատրիարքությանը պատկան Պարոն Տեր կալվածքի խնդիրը՝ չանտեսելով պատրիարքության իրավունքներն ու շահերը: