Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսի կոնդակով 2003 թվականը հռչակվեց Սբ Էջմիածնի տարի

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի, փետրվարի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս սուրբ պատարագի, հանդիսավորապես ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը՝ նվիրված Մայր Տաճարի օծման 1700-ամյակին. Վեհափառ Հայրապետի կոնդակով 2003 հոբելյանական տարին հռչակվեց Աստվածակառույց Սբ Էջմիածնի տարի: Հայրապետական կոնդակն ընթերցեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը: Կոնդակում, անդրադառնալով Սբ Էջմիածնի նվիրական խորհրդին, Նորին Սրբությունն իր ողջույնն է հղում Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին, թեմակալ առաջնորդներին, հոգեւոր դասին ու հավատացյալ ժողովրդին եւ պատգամում ազգահավաք ու հայրենաշեն գործերով նշանավորել մեծ հոբելյանը: Նույն օրը Մայր Աթոռն ընդունեց հոբելանական տարվա անդրանիկ ուխտավորներին: Առաջին ուխտագնացներն Արմավիրի թեմի հավատացյալներն էին՝ թեմակալ առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի, Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի եւ մարզի երեք քաղաքագլուխների գլխավորությամբ: Տ. Սիոն եպս. Ադամյանը մատուցեց առաջին Ուխտի պատարագը: Պատարագից հետո Արմավիրի ուխտավորներին ընդունեց Վեհափառ Հայրապետը: Հոբելյանական տարվա առիթով Ուխտի պատարագներ Մայր Տաճարում կմատուցվեն տարվա տարբեր կիրակիներ, երբ հայոց թեմերի առաջնորդներ քահանայից դասի եւ հավատացյալ հոտի ուղեկցությամբ ուխտի կգան Մայրավանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում