Գարեգին Բ կաթողիկոսը կայցելի Մոսկվա եւ Հարավային Ռուսաստան
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքի հրավերով նոյեմբերի 25-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ռուս պատրիարքի եւ Կովկասի կրոնական առաջնորդների քառակողմ հանդիպմանը։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը, Ամենայն հայոց Հայրապետը, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ Ուլ-իսլամ Ալլահ–շյուքյուր Փաշա-զադեն կքննարկեն կովկասյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդման եւ միջկրոնական հանդուրժողականության զորացմանը վերաբերող խնդիրներ: Վեհափառ Հայրապետին կընկերակցեն Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Տ. Մեսրոպ աբղ. Պարսամյանը՝ որպես գավազանակիր եւ Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ Ռաýայել Պապայանը: Մոսկովյան հանդիպումից հետո, նոյեմբերի 27-ին, Գարեգին Բ կաթողիկոսն իր օրհնաբեր հայրապետական այցը կկատարի Հարավային Ռուսաստանի հայոց թեմ: Այցի ընթացքում Նորին Սրբության ձեռամբ կօծվի Պյատիգորսկի Սբ Սարգիս նորակառույց եկեղեցին: Վեհափառ Հայրապետը կմասնակցի նաեւ Վլադիկավկազի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 160-ամյակին նվիրված տոնակատարություններին: Նախատեսվուն են նաեւ հանդիպումներ տեղի իշխանությունների եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների հետ: