Հասարակական

Լիբանանի Քրիստոնյա-Իսլամ երկխոսության հանձնախումբն այցել է Արամ Ա կաթողիկոսին

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը երեկ ընդունել է Լիբանանի Քրիստոնյա-Իսլամ երկխոսության հանձնախմբին: Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, հանձնախումբը ստեղծվել է 1994 թվականին եւ ներկայացնում է երկրի յոթ գլխավոր համայնքները, այդ թվում նաեւ հայ համայնքը՝ ի դեմս դոկտ. Ժան Սալմանյան: Հանդիպման ընթացքում հանձնախումբը Վեհափառ հայրապետին է ներկայացրել իր մտահոգությունը վերջին ժամանակներս Լիբանանի քաղաքական ու տնտեսական կյանքի նոր զարգացումների, հատկապես միջհամայնաքային հարաբերությունների կապակցությամբ: Վեհափառը՝ կիսելով հանձնախմբի տեսակետներն ու մտահոգությունները, կարեւորել է Լիբանանի համար միջհամայնքային փոխհարաբերությունն ու գործակցությունը, նշելով, որ պետք է դիմել այնպիսի միջոցների, որ համակեցությունն ավելի ամրապնդվի եւ երբեք չենթարկվի թե երկրի եւ թե տարածաշրջանի քաղաքական վայրիվերումներին: Այս օրերին ժողովրդի հիմնական մտահոգությունը, ասել է նա, երկրում տիրող տնտեսական տագնապալի կացությունն է, հետեւաբար պետությունը պետք է դիմի այնպիսի ծրագրերի ու միջոցառումների իրականացմանը, որոնք հետզեհետէ բարելավեն ժողովրդի տնտեսական վիճակը: Վեհափառ հայրապետը երկխոսության հանձնախմբի խնդիրն է համարել շարունակել համայնքների միջեւ ներքին կապերն ամրապնդելու իր կարեւոր դերակատարությունը: Հակառակ այն իրողության, որ վերջին տարիներին հայ համայնքի մի շարք իրավունքները մոռացվեցին, ասել է նա, այնուամենայնիվ որպես հավատարիմ լիբանանցիներ մեր համայնքը պիտի շարունակի նույն հավատարմությամբ ու հանձնառությամբ ամրապնդել Լիբանանի ներքին միասնականությունը, մասնակից դառնալ երկրի վերաշինության ու հզորացման բոլոր ծրագրերին, բոլոր մակարդակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում